armtimes.com: Սերժ Սարգսյանի գործով մեղադրանքը պաշտպանող դատախազ Արսեն Մարտիրոսյանը չի հեռացվի վարույթից:

Քիչ առաջ վերադառնալով խորհրդակցական սենյակից՝ այս որոշումը հրապարակեց Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորք նստավայրի դատավոր Վահե Միսակյանը՝ այդպիսով մերժելով Սերժ Սարգսյանի պաշտպանների միջնորդությունը:

Որոշման հրապարակմանը ամբաստանյալ Սերժ Սարգսյանը չէր մասնակցում:

Դատավորը միաժամանակ հայտնեց, որ աշխատանքային ծանրաբեռնվածությամբ պայմանավորված՝ այսօրվա դատական նիստը ենթակա է հետաձգման: Հաջորդ դատական նիստը նշանակվեց մարտի 26-ին:

Պաշտպանները բացարկի միջնորդություն էին ներկայացրել դատախազին՝ հիմքում դնելով նրա ենթադրյալ կողմնակալության հանգամանքը: Սարգսյանը նշել էր, որ միանում է իր պաշտպանների միջնորդությանը: