Համաձայն «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման, բնականոն զարգացման և օգտագործման միջոցառումների» 2020 թվականի տարեկան ծրագրի, Սևանա լճի շրջակայքում ջրածածկ և ջրածածկման ենթակա տարածքներում շարունակվում են անտառմաքրման աշխատանքները: Այս մասին տեղեկացնում է Գեղարքունիքի մարզպետարանի լրատվական ծառայությունը:

Հունվարի 9-ից «Սևանա ազգային պարկ» ՊՈԱԿ-ի Ծովակի տեղամասում վերսկսվել են 2020 թվականի մաքրման աշխատանքները, որոնք իրականացվում են «Հարությունյան Շին» ՍՊԸ-ի կողմից: Աշխատանքներում ներգրավված է 16 միավոր տեխնիկա:

Իրականացվող աշխատանքների ընթացքը ուսումնասիրելու նպատակով մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության բնապահպանության բաժնի աշխատակիցները հերթական դիտարկումն են կատարել մաքրվող տարածքում: Նրանց տեղեկացմամբ՝ նախատեսված է մաքրել շուրջ 887 հա անտառապատ տարածք:

Փետրվարի 28-ի դրությամբ մաքրվել է շուրջ 85 հա ջրածածկ տարածք: Աշխատանքներն, ըստ վարչության մասնագետների, իրականացվում են բարեխղճորեն, նախատեսված չափորոշիչներին համապատասխան: Սևանա լճի շրջակայքում ջրածածկ և ջրածածկման ենթակա տարածքներում մաքրման աշխատանքները կշարունակվեն մինչև 2022 թվականը: