Սյունիքի Աճանան գյուղի տների պատերը ճաքում են, իսկ պատասխանատուներն անհայտ են #FreeZone

10:35 - 04 դեկտեմբերի, 2019

Սյունիքի մարզի Աճանան գյուղի բնակիչների տները գտնվում են վթարային վիճակում։ Պատճառը, տեղացիների համոզմամբ, Կապանի լեռնահարստացուցիչ կոմբինատի կողմից Շահումյանի ոսկու հանքավայրում իրականացված պայթեցումներն են:

Աճանանցի Թագուհի Հայրապետյանը ցույց է տալիս տան, գոմի պատերի, սյան և բակի հատակի ճաքերը։

30 տարվա Աճանանի բնակիչ Նաիրա Պողոսյանն էլ ցույց է տալիս իր տունը։ Պատմում է, որ ամեն օր քնում է մի սենյակում, որի առաստաղը վթարային է։

Կապանի խոշորացված համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը բանակցությունների մեջ է նախկին «Կապանի ԼՀԿ»-ի, ներկայիս «Չաարատ Կապան» ՓԲԸ-ի հետ: Ընկերությունը չի ընդունում, որ առաջացած ճաքերը հանքում կատարված պայթեցումների հետևանք են։

Աճանանցիների տների ճաքերի վերաբերյալ 2019 թվականի նոյեմբերի 5-ի մեր հարցմանն ի պատասխան ընկերությունը նոյեմբերի 26-ին հայտնել է հետևյալը․
«Տեղեկացնում ենք, որ յուրաքանչյուր աշխատանք, այդ թվում՝ ստորգետնյա հանքում պայթեցման և հանքավայրի հանքաքարի արդյունահանման և այլ աշխատանքները իրականացվում են ըստ շրջակա միջավայրի ազդեցության դրական եզրակացություն ստացած և հաստատված տեխնիկական նախագծի՝ պահպանելով լեռնահատկացման ակտով տրված սահմանները։ Լեռնահատկացման սահմաններից դուրս ընկերությունը հանքաարդյունահանման գործունեություն չի իրականացնում։ Նշված սահմաններում բնակելի շինություններ չկան, իսկ տարվող աշխատանքները, տվյալ դեպքում՝ պայթեցումները, իրականացվում են մակերևույթից բավականին խորը հորիզոններում, հետևաբար սահմանված թույլատրելի մեծություները գերազանցող որևէ ազդեցություն չեն կարող ունենալ որևէ բնակավայրի, այդ թվում՝ Աճանանի բնակելի շինությունների վրա»։

Հարցման երկրորդ կետի վերաբերյալ, այն է՝ ի՞նչ փորձաքննություն են կատարել, որպեսզի հավաստիանան, որ հանքավայրի պայթեցումների պատճառով չէ, որ ճաքերը են գոյացել, ընկերությունը ոչինչ չի պատասխանել։

Արտակարգ իրավիճակների նախարարություն արված հարցման պատասխանից տեղեկացանք, որ նախարարությունն այդ խնդրով զբաղվելու համար ցուցումներ չունի։

Աճանանցիների տների ճաքերի վերաբերյալ փորձաքննություն չի իրականացվել, պատճառահետևանքային կապը բացահայտված չէ, հետևաբար գյուղացիների կրած վնասի փոխհատուցման հարցը մնում է անլուծելի։ Նրանք շարունակում են ապրել վթարային տներում։

Թաթուլ Նավասարդյանը մի քանի անգամ վերանորոգել է տունը, սակայն շատ ֆինանսական միջոցներ չունի, որ յուրաքանչյուր ճաքի դեպքում կրկին վերանորոգում կազմակերպի։ Նա համոզված է, որ պատերը ճաքում են պարբերաբար պայթեցումների հետևանքով։

Աճանանցիները բողոքել էին նաև գյուղում խմելու ջրի որակի վերաբերյալ։ Բնակիչներն անսովոր հոտ են զգացել ջրից։ Սակայն Առողջապահության նախարարության «Հիվանդությունների կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի պատասխանում գրված է, որ 2019 թվականին իրականացվել է Աճանան գյուղի խմելու ջրի 22 նմուշի լաբորատոր հետազոտություններ, որոնք, ըստ հետազոտված ցուցանիշների, համապատասխանել են Առողջապահության նախարարի 2002 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 876 հրամանի պահանջներին։ Փաստաթուղթը ստորագրված է գլխավոր քարտուղարի տեղակալ Վահե Հակոբյանի կողմից։

Թեհմինե Ենոքյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել