Սուրեն Պապիկյանը այցելել է Մինսկի քաղաքացիական ավիացիայի գործարան
08:21 - 10 հուլիսի, 2019

Սուրեն Պապիկյանը այցելել է Մինսկի քաղաքացիական ավիացիայի գործարան

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Մինսկի քաղաքացիական ավիացիայի N 407 գործարան:

Գործարանի գործադիր տնօրեն Եվգենի Վայցեհովիչը նախարար Սուրեն Պապիկյանին ներկայացրել է գործարանի պատմությունը և ընկերության ներկայիս գործունեությունը։ Նախարարին տեղեկացվել է, որ գործարանը գործում է 1953 թ-ից։ 2018թ․ ավարտվել է գերմանական փորձի հիման վրա կառուցվող անգարի՝ ինքնաթիռների կայանման, տեխնիկական վերանորոգման և պահպանման շինության շինարարությունը, և գործարանը տեղափոխվել է Մինսկի ազգային օդանավակայանի տարածք։

Շրջայցի ընթացքում Սուրեն Պապիկյանը ծանոթացել է ավիացիոն տեխնիկայի վերանորոգման տեխնոլոգիաներին, ավիացիոն շարժիչների և սարքավորումների արդիականացման հնարավորություններին, ուսումնասիրել է սպասարկվող ինքնաթիռների վնասված մասերի և սրահների վերանորոգման աշխատանքները։

Նախարարի հարցին, թե ինչ տեսակի օդանավեր է սպասարկում ընկերությունը, գործադիր տնօրենը հայտնել է, որ այն ներկայումս հանդիսանում է ԱՊՀ և հետխորհրդային տարածքի երկրներում Як-40, Як-42, Як-52, Ту-134 ինքնաթիռների վերանորոգման, արդիականացման ծառայություններ մատուցող և տեխնիկական սպասարկում իրականացնող ընկերությունների առաջատարը և միտված է գործունեության հետագա ընդլայնմամբ սպասարկել ինչպես նշյալ երկրների, այնպես էլ արևմտյան ավիաընկերությունների օդանավեր։

Նշվել է նաև, որ գործարանի տարածքում նախատեսվում է կառուցել միջազգային ստանդարտներին համապատասխան ևս մեկ շինություն, որտեղ անհրաժեշտ ջերմաստիճանային պայմաններում հնարավոր կլինի ներկել ինքնաթիռի արտաքին երեսը և արդիականացնել օդանավերի սրահները։

 

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել