Տեսակոնֆերանսի ձևաչափով տեղի է ունեցել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի՝ ԵՏՄ գազի ընդհանուր շուկայում գազի փոխադրման ծառայությունների գնագոյացման հարցերով աշխատանքային խմբի հեռավար նիստը, որին մասնակցել են ԵԱՏՄ անդամ պետությունների շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարները։ Այս մասին հայտնեցին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից։

Ներկայացնելով հարցի առնչությամբ ՀՀ կառավարության դիրքորոշումը՝ ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը նշել է, որ նախատեսվող կարգավորումներում հայկական կողմը առաջարկում է սակագների ձևավորման քաղաքականությունը մշակելիս առաջնորդվել ոչ խտրական, թափանցիկության և հավասար պայմանների ապահովման սկզբունքներով։

Նախարար Պապիկյանի խոսքով՝ ընդհանուր էներգետիկ շուկայի ձևավորմանն ուղղված կարգավորումները պետք է բխեն փոխհամաձայնեցված մոտեցումներից և ընդհանուր նպատակներից, որպեսզի հատկապես հետճգնաժամային պայմաններում ապահովեն Եվրասիական տնտեսական միության և նրա անդամ պետությունների համար տնտեսական կայունության և հեռանկարային զարգացման նախապայմաններ։

Նիստի ընթացքում միության անդամ երկրների էներգետիկայի ոլորտի պատասխանատու գերատեսչությունների ղեկավարների առաջարկների ուղղությամբ ծավալվել է ակտիվ քննարկում։ Գազի փոխադրման ծառայությունների գնագոյացման հարցերով փոխհամաձայնեցված առաջարկները կներկայացվեն ԵՏՀ խորհրդի հաստատմանը՝ «Մինչ 2025թ. եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղությունների» փաստաթղթի նախագծում ներառելու նպատակով: