Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ հայկական պատվիրակությունը Ժնևում մասնակցում է Փախստականների հարցերով առաջին գլոբալ ֆորումին
07:05 - 18 դեկտեմբերի, 2019

Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ հայկական պատվիրակությունը Ժնևում մասնակցում է Փախստականների հարցերով առաջին գլոբալ ֆորումին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ հայկական պատվիրակությունը Ժնևում մասնակցում է Փախստականների հարցերով առաջին գլոբալ ֆորումին։

Համաժողովը կազմակերպվել է 2018թ-ի դեկտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի կողմից հաստատված Փախստականների համաշխարհային հռչակագրի շրջանակում։
Ֆորումը հնարավորություն կտա պետություններին փախստականության խնդիրների լուծման միջազգային սկզբունքները ավելի գործնական դարձնելու և դրա ուղությամբ ճշգրիտ քայլեր ձեռնարկելու։

Քննարկումները նպատակաուղղված են ընդունող համայնքների բեռը թոթափելուն և փախստականների ինքնաբավությունը խթանելուն։

Նախարար Պապիկյանը կարևորելով միջոցառման ձևաչափը՝ շեշտեց, որ փախստականների 85 տոկոսը ներկայումս հյուրընկալվում են ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում, ինչը հավելյալ ծանրաբեռնվածություն է ստեղծում հյուրընկալող երկրների սոցիալական ապահովության համակարգերի համար։

«Հետևաբար մենք մեծապես կարևորում ենք Համաշխարհային հռչակագրի այն դրույթները, որոնք առնչվում են հյուրընկալող պետությունների բեռի թեթևացմանը և փախստականների ինքնուրույնության ու կարողությունների զարգացմանը»,-ասաց նա՝ ընդգծելով, որ Հայաստանը համալիր կերպով վերանայում է փախստականների, տեղահանված անձանց և երկարաժամկետ միգրանտների ինտեգրման քաղաքականությունը՝ շեշտադրելով ինչպես պետական և հասարակական կառույցների համակարգված աշխատանքը, այնպես էլ նշված խմբերի ինքնուրույնության զարգացումը։

«Այս դրույթն ընկած է նաև 2018թ-ին Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխության և երկրի զարգացման մեր ներկայից տեսլականի հիմքում՝ անհատական ջանքն ու պատասխանատվությունն են, որ ապահովում են առաջընթաց»,-նշեց նախարարը։

Նախարար Պապիկյանի խոսքում նշվեց նաև 1988-1992 թվականներին Ադրբեջանում հայերի էթնիկ զտումների արդյունքում տեղահանված շուրջ 400 000 փախստականների մասին, ովքեր նշված ժամանակահատվածում կազմում էին Հայաստանի բնակչության շուրջ 12 տոկոսը։ «Նշված բնակչության սոցիալ-տնտեսական խնդիրները շարունակաբար եղել են մեր կառավարության ուշադրության կենտրոնում»,-ասաց նա՝ վկայակոչելով կառավարության՝ նոյեմբերի 21-ի որոշումը, որով ապահովվում է դեռևս բնակարանային խնդիրներ ունեցող շուրջ 900 փախստական ընտանիքներից 112-ի բնակարանի խնդիրը։ «Այս փաստը ցույց է տալիս, որ մենք հանձնառու ենք այդ անձանց ամբողջական ինտեգրումն ապահովելու հարցում»,-ասաց նա։

Նախարարը խոսեց նաև Սիրիայից եկած 22 հազար փախստականների մասին, որով հայաստանը դարձել է մեկ շնչի հաշվով Սիրիայից ընդունած փախստականների թվով երրորդ երկիրը եվրոպական տարածաշրջանում։ «Նրանցից շատերը այն հայերի սերունդներն են, ովքեր ստիպված են եղել լքել իրենց բնակավայրերը 20-րդ դարի սկզբին Օսմանյան Թուրքիայիում տեղի ունեցած ցեղասպանության հետևանքով։ Մենք մեծապես գնահատում ենք Սիրիայից փախստականների ձեռնարկատիրական ձիրքը և այն սոցիալ-տնտեսական ներդրումը, որ նրանք ունենանում են Հայաստանի զարգացման գործում։ Միաժամանակ կցանականայի կոչ անել միջազգային գործընկեր կառույցներին և պետություններին ավելացնել օժանդակությունը Սիրիայից փախստականների ինտեգրման համար»,-ասաց նա։

Խոսքի ավարտին նախարար Պապիկյանը ավելացրեց նաև, որ ՀՀ-ն հյուրընկալում է նաև տեղահանված անձանց Իրանից, Իրաքից, Աֆղանստանից և առավել փոքր թվերով աֆրիկյան և ասիական այլ տարածաշրջաններից՝ տրամադրելով նրանց պաշտպանություն և անվտանգ կյանք սկսելու հնարավորություններ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել