Սպանդանոցի կառուցման ավելի քան 270 հայտ. պետությունն ինչ լրացումներ է արել աջակցության ծրագրերում |armenpress.am|
09:59 - 18 փետրվարի, 2020

Սպանդանոցի կառուցման ավելի քան 270 հայտ. պետությունն ինչ լրացումներ է արել աջակցության ծրագրերում |armenpress.am|

armenpress.am: Սննդի անվտանգության տեսչական մարմինը հունվարի 15-ից ի վեր 10 մարզերից ստացել է սպանդանոց կառուցելու 272 հայտ: Պետությունը խոստացվածի համաձայն հստակեցնում է աջակցության ծրագրերը. օրինակ գործող ծրագրում ներառվել է նաև սպանդանոցային տնտեսության համար միս տեղափոխող մեքենաների ձեռքբերման վարկի տոկոսների սուբսիդավորումը: 

«2020-ի հունվարի 15-ից ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն ստացել է 272 հայտ՝ սպանդանոցներ կառուցելու վերաբերյալ, մասնավորապես՝ Արմավիրից՝ 37, Արագածոտնից՝ 47, Արարատից՝ 50, Կոտայքից՝ 20, Լոռիից՝ 35, Շիրակից՝ 40, Գեղարքունիքից՝ 16, Տավուշից՝ 8, Վայոց Ձորից՝ 5, Սյունիքից՝ 14 հայտ: Բոլոր հայտ ներկայացնողներին տրամադրվել են սպանդանոցի կառուցմանը, շահագործմանը, ինչպես նաև տարածքին ներկայացվող սանիտարահիգիենիկ պահանջները: Հայտ ներկայացնողները որոշում են կայացնում սպանդանոց կառուցելու միայն նշված պահանջներն ուսումնասիրելուց հետո»,-տեղեկացրեցին տեսչական մարմնից:

Այն անձիք, ովքեր սկսում են շինարարական աշխատանքները, ՍԱՏՄ-ի մարզային կենտրոնի աշխատակիցների կողմից ստանում են խորհրդատվություն:

ՀՀ կառավարությունը, մինչև հուլիսի 1-ը հետաձգելով պարտադիր սպանդանոցային մորթի վերաբերյալ իր որոշման կատարման նկատմամբ խիստ վերահսկողության իրականացումը,  խոստացել էր դիտարկել սուբսիդավորվող վարկերի և լիզինգային ծրագրերում այնպիսի կարգավորումներ անելը, որպեսզի սպանդանոցների կառուցման և անհրաժեշտ տեխնիկայի` այդ թվում տրանսպորտային տեխնիկայի ձեռքբերման համար ստեղծվեն լավագույն պայմաններ: 

 ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը վստահեցրեց՝ գործող ծրագրերը թույլ են տալիս ֆինանսական աջակցություն ցուցաբերել, կա ընդամենը հստակեցման կարիք: Նա նշեց՝ բյուջեով արդեն հաստատված են տոկոսների սուբսիդավորման համար բավարար չափով գումարներ: Եվ եթե մեկը որոշի սպանդանոց կառուցել վարկավորվելով, ապա կառավարությունը կսուբսիդավորի այդ ծրագրի ֆինանսավորման դիմաց հաշվարկվող տոկոսները:  Նախարարը հիշեցրեց, որ վերջերս կառավարության նիստում «Հայաստանի Հանրապետությունում ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության ծրագիրը հաստատելու մասին» որոշման մեջ կատարվել է լրացում:  Դրա նպատակն այն է, որ սարքավորումների լիզինգը սպանդանոց կառուցողների համար դառնա ավելի հասանելի: Ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության ծրագրով գործընկեր բանկերը վարկավորումն իրականացնում են 11 տոկոսով, որից 7 տոկոսային կետը սուբսիդավորում է կառավարությունը, 4 տոկոսային կետը մնում է լիզինգառու կազմակերպության համար որպես տոկոսային ծախս: Վարկը տրամադրվում է 8 տարի ժամկետով: «Եվ մենք կարծում ենք, որ սա շատ նպաստավոր ֆինանսական գործիք է։ Ընդ որում, այս գործիքով ոչ միայն սարքավորումների ձեռքբերումն է ֆինանսավորման ենթակա: Եթե օրինակ եռակողմ պայմանավորվածությամբ լիզինգատուն՝ այսինքն վարկային կազմակերպությունը, կառուցող կազմակերպությունը, լիզինգառու կազմակերպությունը  համատեղ մեկ նախագծով նկարագրեն և հողի վրա թեթև կոնստրուկցիաներով կառուցումը, և սարքավորումներով կահավորումը, ապա այդ ամբողջը միասին կարող է դառնալ նույն ֆինանսական աջակցության առարկա: Նույն ծրագրում կատարեցինք լրացում՝ միս տեղափոխելու համար նախատեսված մեքենաների ֆինանսավորման մասով: Եթե այդ մեքենաները լիզինգով ձեռք բերվեն, ապա նույն կերպ տոկոսները կառավարության կողմից կֆինանսավորվեն: Մեքենաները կարող են լինել սառնարանային կամ ավելի պարզ, սակայն նվազագույն պահանջներին համապատասխանող»,-ասաց նախարարը:

Գյուղատնտեսության աջակցության ծրագրով շենքի կառուցման համար պետությունը կատարում է վարկի տոկոսի սուբսիդավորում:  3-15 մլն դրամ արժեքով վարկերի 7 տոկոսը սուբսիդավորում է կառավարությունը, 5 տոկոսը՝ քաղաքացին: Աջակցության երրորդ գործիքը նախատեսված է տրանսպորտային միջոցների ֆինանսավորման համար: Ընդ որում, տրանսպորտային միջոցները կարող են նախատեսված լինել կամ կենդանի կամ միս տեղափոխելու համար: «Այս դեպքում տոկոսի մնացորդը 2 տոկոս է, այսինքն՝ սա ավելի արտոնյալ ֆինանսավորում է, քան վերը նշվածը»,-նկատեց նախարարը:

Խաչատրյանի կարծիքով՝ տնտեսավարողների համար ֆինանսական խոչընդոտներ գործնականում չեն լինելու: Նա նաև տեղեկացրեց, որ վարչապետի հանձնարարությամբ կատարում են ևս մեկ ուրիշ կարևոր աշխատանք։ Այդ աշխատանքի նպատակն է պարզեցնել ընթացակարգերը, որ երբ որևէ մեկն առաջին անգամ առնչվի պետական կառույցների հետ, դժվարությունների, խոչընդոտների չառնչվի: «Մենք խորհրդակցություն անցկացրեցին բոլոր մասնակից կազմակերպությունների՝ Սննդի անվտանգության տեսչական մարմնի, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ միասին: Երեք շաբաթ ժամանակում պարզեցումները պետք է նախագծվեն»,-ասաց նա ու հավելեց՝ ընթացակարգերը պարզեցնելու ուղղությամբ առաջարկները կհավաքեն մեկ նախագծի մեջ և կներկայացվեն կառավարությանը:

Նախարարը նաև վստահեցրեց, որ սահմանափակումներ չեն անի, բոլոր նրանք, որոնք կբավարարեն նվազագույն պահանջներին՝ առաջին հերթին սննդի անվտանգությանն առնչվող սանիտարահիգիենիկ պահանջներին, կդիմեն և կստանան աջակցություն:

Սպանդանոցների համար սահմանված են մի շարք պահանջներ, օրինակ` դրանք կառուցվում են բնակելի վայրերից, ֆերմաներից, արոտավայրերից, հասարակական վայրերից, բժշկական հաստատություններից առնվազն 300 մ հեռավորության վրա, սպանդանոցը կարող է լինել առանձին շինության, շինությունների համալիրի տեսքով կամ կենդանական ծագման մթերք արտադրող, վերամշակող կազմակերպությունների կազմում: Սպանդանոցը պետք է ունենա անասնաբուժասանիտարական փորձաքննության անցկացման համար նախատեսված աշխատատեղ և հագեցած լինի համապատասխան լաբորատոր սարքավորումներով:

Շարունակությունը՝ armenpress.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել