Ստամբուլի դատարանն ազատ է արձակել Հրանտ Դինքի սպանության գործով երկու մեղադրյալի |armtimes.com|
07:43 - 15 մարտի, 2019

Ստամբուլի դատարանն ազատ է արձակել Հրանտ Դինքի սպանության գործով երկու մեղադրյալի |armtimes.com|

Ստամբուլի առանձնակի ծանր հանցագործությունների թիվ 14 դատարանը նախօրեին ազատ է արձակել պոլսահայ լրագրող, «Ակօս» թերթի հիմնադիր և նախկին խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով երկու մեղադրյալի, այս մասին գրում է Ստամբուլի հայկական պարբերականներից «ՀայԹերթ»-ը:

Նշվում է, որ դատարանը որոշել է Հետախուզական կոմիտեի նախկին բարձրաստիճան պաշտոնյա Մուհարրեմ Դեմիրքալեի ու լրագրող Էրջան Գյունի որպես նախնական խափանման միջոց սահմանված կալանքը փոխարինել երկրից դուրս գալու արգելքով:

Նշենք, որ Էրջան Գյունն այն լրագրողն է, որն առաջինն է տարածել Դինքին սպանած Օգյուն Սամասթի՝ ոստիկանների հետ թուրքական դրոշով արած տեսագրությունն ու նկարները:

Հիշեցնենք, որ պոլսահայ հայտնի լրագրող, մտավորական, «Ակօս» թերթի հիմնադիր և խմբագիր Հրանտ Դինքը սպանվել է 2007թ.-ի հունվարի 19-ին` Ստամբուլի Շիշլի թաղամասում գտնվող «Ակօս» թերթի խմբագրատան առջև` 16-ամյա թուրք ազգայնական Օգյուն Սամասթի կրակոցից: Հրանտ Դինքի սպանության վերաբերյալ դատավարությունը ձգվում է արդեն 12 տարի և դեռևս չի գտել իր հանգուցալուծումը:

Դինքի գործով մի քանի տասնյակ մեղադրյալ կա, սակայն նրանց միայն մի մասն է գտնվում կալանքի տակ:

armtimes.com


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել