news.am: Ստամբուլի կոնվենցիան հանցագործության զոհերին հնարավորություն է տալիս օգնություն ստանալ՝ չենթարկվելով խտրականության: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը:

Նրա խոսքով՝ անհրաժեշտ է, որպեսզի իրավապահներն օպերատիվ արձագանքեն կանանց նկատմամբ բռնության առաջին ազդանշաններին:

«Հաշվի առնելով այն, որ ընտանիքը հատուկ նշանակություն ունի պետության համար, այն պետք է ունենա ընտանեկան բռնության կանխարգելման մեխանիզմներ: Անհրաժեշտ է բացառել դեպքերը, երբ որպես բռնության կիրառման փաստարկ կընդունվեն ավանդույթների կամ սովորույթների մասին փաստարկները»,- ասել է Կարապետյանը:

Նրա խոսքով՝ կարեւորն այն չէ՝ արդյոք կոնվենցիան կվավերացվի թե ոչ, այլ այն, թե ինչ կոնսենսուսի կհասնի հանրությունը: