Ստեղծվում է ԿԳՄՍ նախարարին կից աշակերտական խորհուրդ. դրա կազմում կընդգրկվեն 8-11-րդ դասարանի 40 երեխա |armtimes.com|
13:20 - 17 փետրվարի, 2020

Ստեղծվում է ԿԳՄՍ նախարարին կից աշակերտական խորհուրդ. դրա կազմում կընդգրկվեն 8-11-րդ դասարանի 40 երեխա |armtimes.com|

armtimes.com: Աշակերտներն այժմ հնարավորություն կունենան իրենց լուման ունենալ մի շարք որոշումների ընդունման հարցում: Նրանք հանդես կգան առաջարկներով, կբարձրաձայնեն իրենց կարծիքն ու կքվեարկեն համապատասխան որոշման համար:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրամանով հաստատվել է նախարարին կից աշակերտական խորհրդի ձեւավորման կարգը:

Ինչպես նշված է համապատասխան հրամանի հավելվածում, խորհրդի կազմում կարող են լինել 8-րդ, 9-րդ, 10-րդ եւ 11-րդ դասարանների այն սովորողները, որոնք ընդգրկված են իրենց դպրոցների աշակերտական խորհուրդներում, ակտիվ մասնակցում են դպրոցական եւ համայնքային կյանքի տարբեր ոլորտներին վերաբերող հարցերի քննարկմանը, խնդիրների լուծմանը, կազմակերպում ու անցկացնում են միջոցառումներ: Աշակերտներին պետք է ընտրի համապատասխան հանձնաժողովը, որը ձեւավորվելու է առաջիկա օրերի ընթացքում:

Նշվում է, որ այս ծրագրի հիմնական նպատակներն են սովորողների ինքնադրսեւորման, կարծիքի ազատ արտահայտման համար բարենպաստ պայմանների ստեղծմանն օժանդակելը, սովորողների իրավունքների եւ ազատությունների պաշտպանությունը եւ այլն:

Աշակերտական խորհուրդ ստեղծելու գաղափարի հեղինակը հենց դպրոցականներն են: Դեռեւս անցած տարի Արայիկ Հարությունյանի հետ հանդիպման ժամանակ նրանք այդպիսի առաջարկ էին արել:

Աշակերտական խորհրդի անդամները կլինեն 40 դպրոցականներ ՀՀ բոլոր մարզերից, Երեւանից, ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող հաստատություններից: Նրանց մեջ կլինեն նաեւ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող դպրոցականներ եւ ազգային փոքրամասնության ներկայացուցիչ: Մարզերից ընդգրկված անդամների մասնակցությունը նիստերին պետք է ապահովվի տվյալ մարզի Կրթության, մշակույթի, սպորտի վարչության աշխատակցի ուղեկցությամբ:

Խորհրդի աշխատանքները կկազմակերպվեն նիստերի միջոցով, որոնք կհրավիրվեն տարվա ընթացքում առնվազն երկու անգամ, անհրաժեշտության դեպքում կգումարվի արտահերթ նիստ: Դրանք կլինեն դռնբաց եւ կհրավիրվեն նաեւ օրակարգում ընդգրկված հարցերին շահագրգիռ անձինք:

Նախարարին կից աշակերտական խորհրդի կազմում ընդգրկված դպրոցականները հնարավորություն կունենան ընդունելու խորհրդատվական բնույթի որոշումներ: Այդ որոշումները  կընդունվեն բաց քվեարկությամբ՝ ձայների մեծամասնության դեպքում, իսկ եթե ստացված քվեները հավասար լինեն, ապա վճռորոշ կլինի խորհրդի նախագահի ձայնը: Աշակերտական այդ խորհուրդը գլխավորելու է ԿԳՄՍ նախարարը: Վերջինս կվարի նիստերը, կհաստատի օրակարգը, կստորագրի արձանագրություններն ու կորոշի հրավիրվող այլ անձանց կազմը: Անդամների գլխավոր պարտականությունը նիստերին մասնակցությունն է եւ խնդիրների վերաբերյալ որոշումներ, դիտարկումներ ներկայացնելը:շ


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել