Ստվերի դեմ պայքարում կառավարությունը երկու լուր ունի |lragir.am|
08:04 - 09 հոկտեմբերի, 2019

Ստվերի դեմ պայքարում կառավարությունը երկու լուր ունի |lragir.am|

lragir.am։ Ստվերի դեմ պայքարի հարցում կառավարությունն ունի և լավ նորություններ, և վատ: Այս մասին «Ի՞նչ անել-2. տնտեսական հեղափոխություն՝ ընկալումը և գործարկումը» գիտագործնական խորհրդաժողովում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինայնը: Նրա խոսքով՝ լավ նորությունն այն է, որ Արժույթի միջազգային հիմնադրամն իր վերջին զեկույցներից մեկում արձանագրել է, որ եթե ՀՀ-ում հարկեր-ՀՆԱ ցուցանիշը 0.3 տոկոսի շարժ ունենա, դա ստվերի դեմ պայքարի հարցում կհամարվի լավագույն հաջողություն ՀՀ համար:

«Այս տարվա կանխատեսումներով կամ այսօրվա վիճակով մենք հարկեր-ՀՆԱ ցուցանիշը բարելավել ենք մոտավորապես 1.2 տոկոսով, այսինքն՝ Արժույթի միջազգային հիմնադրամի լավագույն ռեկոմենդացիաներից 4 անգամ ավելի: Իհակե, տարվա արդյունքներով տեմպը որոշակի փոփոխություն գուցե կրի, բայց կան ակնհայտ փաստեր, որոնք վկայում են, որ ստվերի կրճատման հետ կապված մենք աննախադեպ իրավիճակում ենք»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Բայց, ըստ վարչապետի, վատ նորություններ էլ կան, և դրանք վերաբերում են վարքագծային կոմպոնենտին: «Այստեղ ասվեց, որ վարքագիծը երբեմն շատ դժվար է լինում փոխել, բայց մյուս կողմից էլ այդ վարքագծի փոփոխությունը երևի պետք է ընդունենք առանց դիմադրելու, որ ժամանակ պետք է տանք»,- ասաց Փաշինյանը:

Նա բերեց Գյումրիի օրինակը՝ նշելով, որ անկախության այս տարվա տոնակատարություններն անցկացվեցին Գյումրիում, քաղաք այցելել է 15 հազար մարդ: «Նրանք, ովքեր այդ օրերին եղել են Գյւոմրիում, կարող են վկայել, որ ռեստորաններում ու սրճարաններում ընդհանրապես տեղ չկար, շատ մեծ տնտեսական շարժ կար: Եվ ինձ համար հետաքրքիր էր, ասացի՝ հետաքրքիր է՝ սեպտեբերի 21-ին Գյումրիում առևտուրն ինչ շարժ է արձանագրել:

Եվ ինձ համար անսպասելի իրողություն պարզվեց՝ ՀԴՄ կտրոնները քանակով տպվել է նույն չափի, ինչքան նախորդ օրերին: Ընդամենը առևտրի ծավալը 10 մլն դրամով մեծացել է, բայց տպված ՀԴՄ կտրոնների թիվը չի փոխվել: Սա իրականում շատ վատ նորություն է: Այդ օրը Գյումրիի մեր գործընկերներն իմացել են, որ հարկայինը ոչ մի բան չի անելու, ոչ ռեյդ է լինելու, ոչ մի բան չի լինելու»,- նշեց նա:

Ըստ Փաշինյանի՝ այսինքն՝ կառավարությունն իր միջոցներով նման մասշտաբային միջոցառում է անցկացրել, որը Գյումրիի բիզնեսի համար աննախադեպ հնարավորություն է: Բայց այդ բիզնեսն իր կողմից կես քայլ պետք է անի, թե՞ ոչ, հարցադրում արեց վարչապետը: Ըստ նրա՝ տնտեսական հեղափոխությունը չի կարող լինել մենախոսություն, երկխոսություն պետք է լինի:

Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ ուրախացնող է այն, որ այս տարվա առաջին ութ ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, 75 մլն հատ ավելի տպված ՀԴՄ կտրոն ունենք: Իսկ 10 ամիսների տվյալներով այդ թիվն արդեն հասել է 85 մլնի:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել