forrights.am: Էլմիրա Ալավերդյանը Տավուշի Չինչին գյուղից իր որդուն՝ 20-ամյա Վազգեն Գյոզալյանին թույլ չի տվել, որ 8-րդ դասարանը մինչև վերջ ավարտի, պահել է տանը: Տղան հաճախ կորցնում էր գիտակցությունը: «Վատանում էր, ուշագնաց լինում: Տանում էինք «շտապօգնությունով» Բերդ, սիստեմա էին միացնում երեխուն: Դրա համար էլ դպրոցը մինչև վերջ չշարունակեց: Ասեցի, երեխես վատ չզգա, էլի»:

Դեկտեմբերի 14-ին Մարտունիում հավաքված ռազմաբժշկական հանձնաժողովի բժիշկներից մեկը, լսելով մոր գանգատները, ասել է նրան. «Կարո՞ղ ա, բժշկի դուռն ես եկել, դրա համար ես տենց բաներ գրել տղայիդ համար»:

Այդ օրը ռազմաբժշկական հանձնաժողովի սենյակ մայրը զոռով է կարողացել մտնել: «Ներս չէին թողնում, կռվով-դավով եմ մտել», — ասում է: Բայց ոչինչ չի օգնել. որդուն ճանաչել են պիտանի զինվորական ծառայության համար: Մայրը գտնում է, որ այսպիսի որոշում կայացնելով, հանձնաժողովը կոպտորեն խախտում է օրենքը:

2000 թվականի ծնված Վազգեն Գյոզալյանին առաջին անգամ ծանուցագիր են ուղարկել 2018 թվականին: Բժշկական հետազոտությունները բազմաթիվ շեղումներ են հայտնաբերել, որոնք արձանագրված են. «սրտի ռիթմի ու հաղորդականության խանգարում ունի՝ սինուսային հազվասրտություն, արտահայտված բրադիառիթմիաներ, վերփորոքային ռիթմավարի միգրացիա, արտահայտված առիթմիաներ, միտրալ փականի պրոլապս 3-4 մմ, միտրալ հետհոսք 1 աստիճանի, սինուսային և այլն: Զորակոչումը 10 ամսով հետաձգել են: 10 ամիս անց կրկին հետազոտել են, և այս ագամ սրտի խնդիրների ավելի մեծ ցանկ են արձանագրել, այդ թվում սինուսային հանգույցի կանգ՝ պաթոլոգիա, որի դեպքում, եթե կանգերը հաճախ են և տեղի են ունենում 2-ից ավելի վայրկյան, ապա երիտասարդները ազատվում են բանակից: Վազգեն Գյոզալյանի դեպքում արձանագրվել էր սինուսային կանգեր 1,9-ից մինչև 2,6 վարկյան: Այդ անգամ էլ նրան կես տարով տարկետում տվեցին:

Երրորդ անգամ ախտորոշումը կրկին հուսադրող չի եղել, և նույնիսկ ավելի վատը: Էլմիրան պատմում է, որ Տավուշի զինկոմին կցված բժիշկը, տեսնելով դիագնոզն ասել է Էլմիրային, որ որդին պետք է ազատվի ծառայությունից և հաշվառվի պահեստազորում:

ԷԿԳ հետազոտության արդյունքում Հանրապետական հիվանդանոցի սրտաբանները կրկնել են 6 ամիս առաջ տրված վտանգավոր ախտորոշումը՝ սրտի «սինուսային հանգույցի ընկճման հետևանքով նկատվում են սինուսային հանգույցի կանգեր 1,9-ից մինչև 2.6 վրկն»:

Սակայն ռազմաբժշկական հանձնաժողովի բժիշկները չեղյալ են համարել փաստաթուղթը և Վազգենին պիտանի են ճանաչել սահմանափակումներով ծառայության համար:

Էլմիրա Ալավերդյանը, որդու փաստաթղթերը ձեռքին, սահմանամերձ Չինչինից հասել է Երևան, Մոսկովյան 5, որտեղ տեղի են ունենում ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի նիստերը նախարարի խորհրդական Գեղամ Հարությունյանի գլխավորությամբ, քննարկվում են քաղաքացիների դիմումներն ու բողոքները:

Շարունակությունը՝ forrights.am-ում