Սևանի ափը մաքրվել է պլաստիկից․ առիթը Չվող թռչունների համաշխարհային օրն է |24news.am|
08:33 - 12 մայիսի, 2019

Սևանի ափը մաքրվել է պլաստիկից․ առիթը Չվող թռչունների համաշխարհային օրն է |24news.am|

24news.am: «Սևան» ազգային պարկի Որորների կղզու հարակից հատվածում մայիսի 11-ին բնապահպանության նախարարության նախաձեռնությամբ կազմակերպվել են «Չվող թռչունների համաշխարհային օրվան» նվիրված միջոցառումներ, որոնց ընթացքում իրականացվել են տարածքն աղբից մաքրման, պլաստիկի տարանջատման աշխատանքներ։ Սևանում է գտնվում կարմիր գրքային Հայկական որորի՝ աշխարհում մեծությամբ երկրորդ գաղութը (Ամենամեծը՝ Արփի լճում է)։ Այդ մասին հայտնեցին ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Մաքրման աշխատանքների ավարտից հետո կազմակերպվել է էքսկուրսիա Որորների կղզու հարակից ափ, դպրոցականների և ուսանողների համար կազմակերպվել է թռչունների դիտարկում և լուսանկարահանում։ Միջոցառմանը մասնակցել են Արարատի մարզի Այնթապի թիվ 2 միջնակարգ դպրոցի «Բնասերներ» խմբակի աշակերտներ, Պետական մանկավարժական համալսարանի ուսանողներ, Հայաստանի թռչնադիտորդների ասոցիացիայի, «TSE Դեպի կայուն համակարգեր» և ISSD հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, «Սևան» ազգային պարկի աշխատակիցներ։

Բնապահպանության նախարարի իրավախորհրդատու Կարեն Աղաբաբյանը տեղեկացրել է, որ 2019 թվականի «Չվող թռչունների համաշխարհային օրվա»(մայիսի 12) խորագիրը ՄԱԿ-ը սահմանել է «Թռչունները և պլաստիկը»։ Աղաբաբյանը ներկաներին իրազեկել է ջրլող թռչուններին սպառնացող վտանգների՝ հատկապես ջրավազանները պլաստիկով աղտոտելու վտանգների մասին, ծանոթացրել թռչունների հաշվառման և օղակավորման աշխատանքների հետ։

Մաքրման արդյունքներում տարանջատված պլաստիկը ISSD հասարակական կազմակերպությունը տեղափոխել և հանձնել է վերամշակման։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել