Վահագն Հովակիմյանի առաջարկած նախագծով «ՍԴ նախագահի գահընկեցության» հարցը չի լուծվում․ «Ժողովուրդ» օրաթերթի մեկնաբանություններ չափազանցված են
14:55 - 09 ապրիլի, 2020

Վահագն Հովակիմյանի առաջարկած նախագծով «ՍԴ նախագահի գահընկեցության» հարցը չի լուծվում․ «Ժողովուրդ» օրաթերթի մեկնաբանություններ չափազանցված են

Այսօր «Ժողովուրդ» օրաթերթում հրապարակվել է հոդված, որտեղ նշվում է, որ չնայած ՀՀ-ում հայտարարված արտակարգ դրությանը, իշխանության անդամներին հորդորել են «տակից» իրենց նախագծերը առաջ տանել, որպեսզի արտակարգ դրությունից իրենց պլանները չձախողվեն. ՍԴ նախագահի «գահընկեցության» հարցն օրակագում է:

Խոսքը վերաբերում է այսօր ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկված ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծին, որը հեղինակել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը։

Վերոնշյալ նախագծով առաջարկվում է Ազգային ժողովին հնարավորություն տալ, որպեսզի, անհրաժեշտության դեպքում, ՍԴ դատավորի ընտրությունները կազմակերպվեն ոչ միայն հերթական, այլ նաև արտահերթ նիստում՝ գործընթացը չձգձգելու նպատակով։

Հոդվածագիրը որպես այս նախագծի նպատակ նշվում է կորոնավիրուսի կանխարգելումից հետո  հանրաքվեն հապշտապ անցկացնելը, հնարավորություն ունենալը ցանկացած ժամանակ արտահերթ նիստ հրավիրել ու իրականացնել «իրենց բոլոր պլանները»՝ ՍԴ-ի հետ կապված։

Նախ նշենք, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սույն թվականի մարտի 16-ին որոշել էր դադարեցնել հանրաքվեի հետ կապված բոլոր աշխատանքները, իսկ վերսկսման մասին որևէ հայտարարություն դեռևս չի եղել։

Բացի վերոնշյալը, արդեն իսկ 2020 թվականի փետրվարի 6-ին ԱԺ որոշմամբ ամրագրվել է, որ Սահմանադրական փոփոխությունների նախագիծը պետք է դրվի հանրաքվեի և ընդունվի կամ չընդունվի ժողովրդի կողմից։ Հիշեցնենք, որ փոփոխություններով առաջարկվում է դադարեցնել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և 6 անդամների լիազորությունները։

Այսինքն, մինչև ընտությունները տեղի չունենան, քաղաքացիները նախագծով առաջարկվող փոփոխություններին «Այո» կամ «Ոչ» չքվեարկեն, հետագա ընթացքին վերաբերող օրինագծերը չեն կարող հեղինակի նշած՝ «ՍԴ նախագահի գահընկեցության» հարցը լուծել։ Հետևաբար հոդվածում նախագծի մասին պնդումները մանիպուլյատիվ են։

Նշենք նաև, որ նշված հոդվածի հեղինակը նախագծի մասին մեկնաբանություն էր փորձել ստանալ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանից, ով պատասխանել էր, որ նախագծում ընդամենը մեկ բառ է փոխվում, մեծ փոփոխություն այն չի ենթադրում: Պատգամավորը հավելել էր, որ «Հերթական» բառն են փոխում, որ այնպես լինի, որ արտահերթ նիստի ժամանակ էլ ՍԴ անդամներ ընտրեն։

Արփի Ավետիսյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել