Վահե Գրիգորյանը խնդրել է փոքր-ինչ հետաձգել իր երդման արարողությունը |lragir.am|
14:22 - 18 հունիսի, 2019

Վահե Գրիգորյանը խնդրել է փոքր-ինչ հետաձգել իր երդման արարողությունը |lragir.am|

lragir.am։ ՀՀ Ազգային ժողովի կողմից ընտրված Սահմանադրական դատարանի նորընտիր դատավոր Վահե Գրիգորյանն Արարատ Միրզոյանին խնդրել է փոքր-ինչ հետաձգել իր երդման արարողությունը՝ մինչ որպես փաստաբան որոշ գործերից հրաժարվելը:

«Մոտ 80 գործերով մասնակցում եմ ՄԻԵԴ վարույթներին: Դրանց զգալի մասից արդեն դուրս եմ եկել վերջին օրերին, նախնական նամակներն ուղարկել եմ՝ դատարանին տեղեկացնելով: Խնդրել եմ ԱԺ նախագահին, որ հետաձգի իմ երդման արարողությունը, որ մինչ դա հասցնեմ ոչ միայն ՄԻԵԴ-ի,այլ նաև Հայաստանի ներպետական դատարանների, նաև՝ միջազգային քրեական դատարանին տեղեկացնեմ իրենց ցուցակներից դուրս գալու մասին»,-ասաց Գրիգորյանը:

Նրա խոսքով՝ ինքն այդ ժամանակում պետք է հասցնի դատարաններին տեղեկացնել բոլոր գործերից հրաժարվելու մասին: Այդ գործերը, այդ թվում՝ Մարտի 1-ի զոհերի որոշ իրավահաջորդների գործերը, վերցնելու են ուրիշ իրավաբաններ: Գրիգորյանի խոսքով՝ նրանց հետ նախնական պայմանավորվածությունները կան: Նա վստահեցրեց, որ թողնելու է իր ողջ զբաղվածությունը, դադարեցնելու է ցանկացած ներգրավվածություն որևէ գործում:

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտնել էր, որ Գրիգորյանի երդման արարողության ժամի և օրվա մասին կհայտարարվի լրացուցիչ:

Ազգային ժողովը Գրիգորյանին ընտրեց ՍԴ դատավորի պաշտոնում հունիսի 18-ին փակ գաղտնի քվեարկությամբ: Նրա թեկնածությունն առաջարկել էր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել