fip.am: Մամուլը տևական ժամանակ գրում է, որ Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանը դատավոր ընտրվելուց (2019 թ.-ի հունիսի 18) հետո, թեև չի մասնակցել որևէ նիստի, բայց լիարժեքորեն օգտվել է պետության կողմից օրենքով իրեն վերապահված հնարավորություններից՝ ծառայողական ավտոմեքենա, բենզին, պարգևավճար, աշխատավարձ:  

ՍԴ-ից հայտնել էին, որ Վահե Գրիգորյանին հատկացվել է Hyundai մակնիշի 006 ՕՏ 01 պետհամարանիշով ծառայողական ավտոմեքենա, որն իր կողմից շահագործման ընթացքում առաջացած անսարքությունների պատճառով վերանորոգվել է և վերստին հատկացվել նրան։ Բացի այդ, Վահե Գրիգորյանին նաև տրամադրվել է 1180 լիտրի համար նախատեսված բենզինի կտրոն։ 

Վահե Գրիգորյանը նշեց, որ ՍԴ-ի կողմից ներկայացված աշխատավարձի չափը (793.000 դրամ) չհարկված աշխատավարձն է, և փաստացի ինքը հարկումից հետո ստանում է շուրջ 600.000 դրամ։ Ինչ վերաբերում է պարգևավճարներին, ապա նա հաստատեց, որ բացառությամբ դեկտեմբեր և հունվար ամիսների, ստացել է պարգևավճար, բայց ոչ թե 1.746.100 դրամ, ինչպես ՍԴ-ն է ներկայացնում, այլ 1.254.000 դրամ՝ հարկումից հետո։ 

Անդրադառնալով Hyundai մակնիշի ծառայողական ավտոմեքենային՝ Վահե Գրիգորյանը հաստատեց, որ մեքենան ստացել է, բայց կարճ ժամանակ է օգտվել, որովհետև անսարք է եղել։ «Փաստացի, այդ մեքենան օգտագործել եմ 1,5-2 ամիս և ի տարբերություն մյուս ՍԴ անդամների՝ ես երբեք վարորդ չեմ վերցրել»,- ասաց նա՝ հավելելով, որ 1180 լիտրի համար նախատեսված բենզինի կտրոն ևս վերցրել է։ Գրիգորյանը նաև տեղեկացրեց, որ դեկտեմբեր ամսից դադարել են իրեն պարգևավճարներ և բենզին տրամադրել։ 

Խոսելով աշխատանքի չգնալու լուրերի մասին՝ Գրիգորյանն ասաց, որ այդ պնդումը բացարձակ սուտ է, քանի որ ինքն աշխատանքի չի հաճախել ընդամենը 7 աշխատանքային օր։  

Նյութն ամբողջությամբ՝ այստեղ։