fip.am: Pastinfo.am կայքը փետրվարի 13-ին գրել էր, որ Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանը դեկտեմբեր-հունվար ամիսներին մեկնել է գաղտնի գործուղումների։ 

«Վահե Գրիգորյանը մեկնում է գաղտնի գործուղումների, ունենում կասկածահարույց հանդիպումներ, նրա անգործությամբ էական վնաս է պատճառվում ՀՀ քաղաքացիների օրինական շահերին ու իրավունքներին, վատնվում են հարկատուներիս հարկերից գոյացած պետբյուջեի գումարները»,- գրել էր կայքը։ 

Pastinfo-ն հոդվածում անդրադարձել էր Վահե Գրիգորյանի բացակայություններին՝ ներկայացնելով նաև ՍԴ աշխատակազմից լրատվամիջոցին ներկայացրած պատասխանը. «Վահե Գրիգորյանը 2019 թ․ դեկտեմբերի 13-ին, 26-ին, 27-ին 30-ին և 2020 թ. հունվարի 15-ին, 16-ին և 17-ին, որոնք հանդիսանում են աշխատանքային օրեր, չի ներկայացել աշխատավայր։ Նրա կողմից Սահմանադրական դատարանի աշխատողներին հայտնած տեղեկությունների համաձայն՝ նշված և հաջորդող որոշ ոչ աշխատանքային օրերին նա բացակայել է ՀՀ-ից՝ գործուղման լինելու պատճառով։ Այլ մանրամասներ հայտնի չեն»։ Պատասխանի մեջ նաև նշվել է, որ ՍԴ աշխատակարգի 177-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանի՝ գործուղման մեկնող պատվիրակությունների կազմը հաստատում է ՍԴ նախագահը։

Հիշեցնենք, որ Վահե Գրիգորյանը հունիսի 20-ին Ազգային ժողովում, ստանձնելով ՍԴ դատավորի պաշտոնը, հայտարարել էր, որ ՍԴ-ում ճգնաժամ է, նախագահ Հրայր Թովմասյանը լեգիտիմ չէ և ինքը գնում է ՍԴ՝ ստանձնելով նախագահի լիազորությունները: Վերջին ամիսներին Գրիգորյանը թեև գնում է աշխատանքի, սակայն չի մասնակցում նիստերին։ 

Վահե Գրիգորյանը պարզաբանում է

ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է այս  «ընդարձակ նյութին»՝ այն որակելով ապատեղեկատվություն, և պարզաբանել, որ ՍԴ դատավորի պաշտոնում մեկնել է գործուղման Վարշավա՝ Լեհաստանի Հանրապետության մարդու իրավունքների հանձնակատարի (ՄԻՀ) հրավերով՝ Լեհաստանի Մարդու իրավունքների 3-րդ Ազգային կոնգրեսի հյուրի կարգավիճակով։ Գրիգորյանը գրել է, որ այնտեղ պաշտոնական և ոչ պաշտոնական հանդիպումներ է ունեցել Լեհաստանի ՄԻՀ-ի, իր նախկին կոլեգաներից մի քանի իրավաբան-գիտնականների հետ, եղել բանախոս՝ խոշտանգումների կանխարգելման միջազգային մեխանիզմների արդյունավետության հարցերով։ 

Վահե Գրիգորյանը նաև նշել է, որ այցի մասին պատշաճորեն տեղեկացված է եղել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը, իսկ իր այցի ողջ ընթացքում, ըստ կարգի, իրեն ուղեկցել է Լեհաստանում ՀՀ դեսպանը: 

Մյուս բացակայության պատճառը, ըստ պարզաբանման, եղել է անձնական նպատակով։ 2019 թ. դեկտեմբերին և 2020 թ. հունվարին, ընդհանուր թվով 6 աշխատանքային օր, ընտանիքի հետ հանգստյան է մեկնել Լոնդոն (ամանորյա տոներն անցկացնելու) և Հռոմ՝ կարճատև հանգստի։ 

«Վերը թվարկված բոլոր բացակայությունների մասին ՆԱԽԱՊԵՍ և մինչև աշխատանքային ամսվա ավարտը գրավոր տեղեկացրել եմ ՍԴ աշխատակազմի հաշվապահական հաշվառման և ֆինանսական վարչությանը…»,- գրել է Գրիգորյանը:

Արդյո՞ք Վահե Գրիգորյանի «գաղտնի» գործուղումները պետական միջոցների հաշվին են եղել  

Fip.am-ի հետ զրույցում Վահե Գրիգորյանը պարզաբանեց, որ իր այցերը պետական միջոցների հաշվին չեն եղել։ «Ես այդ օրերի համար նույնիսկ դիմել եմ, որ իմ աշխատավարձը պահեն, և տեղյակ էլ չեմ՝ այդ օրերի համար պահե՞լ են, թե՞ ոչ։ Այսինքն՝ ես իրենց պաշտոնապես տեղեկացրել եմ, որ այդ օրերին աշխատանքի չեմ գալու, և խնդրել պահումներ անել համապատասխան չափով»,- ասաց նա՝ տրամադրելով նաև ՍԴ աշխատակազմի հաշվապահական հաշվառման և ֆինանսական վարչության պետ Զավեն Չոփուրյանին ուղարկած էլեկտրոնային նամակը։ 

Բացի այդ, Վահե Գրիգորյանն ընդգծում է, որ ներկայացված դիմումում չի նշել գործուղման մեկնման մասին, ինչպես ՍԴ պաշտոնական պատասխանում է եղել։ «Ես նշել եմ, որ այս օրերին աշխատանքի չեմ գալիս, գործուղման մասին խոսք չի եղել։ Այլ կերպ ասած՝ ՍԴ աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը, հղում կատարելով միայն ՍԴ ինչ-ինչ աշխատակիցներից ստացված չստուգված տեղեկությունների վրա, ի պաշտոնե ՍԴ անունից կեղծ տեղեկություն է տարածել, որ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը գտնվել է տարբեր գործուղումների մեջ»,- մեզ հետ զրույցում ասաց նա։ 

Ինչ վերաբերում է Էդգար Ղազարյանի կողմից մատնանշած ՍԴ աշխատակարգի 177-րդ կետին, ըստ որի՝ ՍԴ նախագահը հաստատում է գործուղման մեկնող պատվիրակությունների կազմը, Վահե Գրիգորյանը նշեց, որ ինքը ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ գրասենյակից ստացել է անհատական և անվանական հրավեր։

«Ակնհայտ է դառնում, որ վերոնշյալ աշխատակարգի կարգավորումն ինքնին չի կարող գործել՝ պատվիրակության կազմի, ըստ էության, բացակայության պայմաններում»,- նշեց Գրիգորյանը։

Վահե Գրիգորյանը կաշկանդված չէ մասնավոր այցեր ունենալ, բայց դրա համար էլ սահմանված կարգ կա

Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը Fip.am-ի հետ զրույցում ևս հաստատեց, որ Վահե Գրիգորյանի «գործուղումները» բյուջեի հաշվին չեն եղել։ Միաժամանակ նա հավելեց, որ առանց իրավական ակտի գործուղում չէր կարող լինել։

Ավելին կարդացեք fip.am-ում։