Վաղը շատ մեծ թվով առողջացած ու մեկուսացման վայրերից «դուրս գրվող» քաղաքացիներ ենք ունենալու․ Արսեն Թորոսյան
01:02 - 24 մարտի, 2020

Վաղը շատ մեծ թվով առողջացած ու մեկուսացման վայրերից «դուրս գրվող» քաղաքացիներ ենք ունենալու․ Արսեն Թորոսյան

Մենք ունենք բոլոր այն պրեպարատները, որոնք աշխարհում հիմա գոնե փորձարարական մակարդակում կիրառվում են հիվանդության բուժման համար։ Այս մասին քիչ առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Նա նշեց, որ քանի որ այդ պրեպարատների ապացուցողական բազան մեծ չէ, որ 100 տոկոսով վստահ լինեն՝ որն է բուժում այս հիվանդությունը, այն բոլոր պրեպարատները, որոնք տարբեր երկրներում ցույց են տվել որեւէ արդյունք, այս պահին ունենք նաեւ մեր զինանոցում եւ կիրառում ենք։

Նախախարը ցավով նշեց, որ Իտալիայում այսօրվա դրությամբ ունենք 6000 զոհ, եւ օր օրի աճող թվեր․

«Բոլորս պետք է այս պայքարում միակամ լինենք, որովհետեւ որեւէ առանձին երկիր չի կարողանալու այս հարցն իր համար լուծել, քանի որ փակ սահմանների քաղաքականությունը չի կարող հավերժ տարածվել, երկրագունդը չի կարող այսպես մեկուսացած ապրել, ու բոլոր երկրների գործողությունները ինչ-որ ժամանակահատվածում պետք է լինեն նույնը, որպեսզի միասին կարողանանք դուրս գալ իրավիճակից»։

Թորոսյանը հայտնեց, որ հույս կա՝ վաղը շատ մեծ թվով առողջացած քաղաքացիներ ու մեկուսացման վայրերից «դուրս գրվող» քաղաքացիներ ենք ունենալու, նույնիսկ մի քանի տասնյակ, գուցե 70։ Նա ընդգծեց՝ որքան էլ նոր դրական դեպքեր ունենանք, ուենալու ենք նաեւ առողջացման դեպքեր։

Նա նշեց, որ այս պահին մի քանի հիվադնաոցների վերազինումը պետք հասցնեն, մի քանի օրից 500-600 նոր մահճակալ ենք ունենալու, բայց դրա հետ մեկտեղ քաղաքացիները պետք է հետեւեն արտակարգ դրության ռեժիմին ու հնարավորինս մնան տանը՝ իրենց հերթին չնպաստելով վիրուսի տարածմանը։

Նախարարը եւս մեկ անգամ կոչ արեց խստորեն պահպանել արտակարգ դրության բոլոր կանոնները, դրանց վերաբերվել միայն հանրային առողջապահական տեսանկյունից։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել