«Վարկս», «Գուդկրեդիտ», «Մոգո». ովքե՞ր են վարկային կազմակերպությունների տերերը |1lurer.am|
15:56 - 06 ապրիլի, 2020

«Վարկս», «Գուդկրեդիտ», «Մոգո». ովքե՞ր են վարկային կազմակերպությունների տերերը |1lurer.am|

1lurer.am: Այս տարվա մարտի 24-ին Կենտրոնական բանկը ուժը կորցրած ճանաչեց «Վարկս էյ էմ» ՓԲԸ վարկային կազմակերպության լիցենզիան՝ ընդհանուր կապիտալի նվազագույն չափը չպահպանելու համար։ 

«Վարկս» և ոչ միայն . լատվիական ծագմամբ վարկային կազմակերպություններ ՀՀ-ում

Վարկային կազմակերպությունն իր գործունությունը սկսել է Հայաստանում 2016-ին։ Ընկերության կայքից տեղեկանում ենք, որ «Վարկս»-ի խորհրդի անդամները լատվիացիներ են, իսկ գործադիր տնօրենը Վարդան Հովսեփյանն է։ Վերջինս մինչ այդ եղել է ԿԲ-ի բանկային վերահսկողության վարչության մասնագետ, «Արարատբանկի» ներքին աուդիտի ղեկավար, մեկ այլ վարկային կազմակերպության՝ «Ֆասթ կրեդիտի» գործադիր տնօրեն։ «Վարկսի» կանոնադրական կապիտալը 600 միլիոն դրամ է, ընկերությունն ունի 52 մասնաճյուղ։

«Վարկսի» բաժնետոմսերի 95 տոկոսը պատկանում է «Էյ Էս Թի այ ջի ինվեսթ» ընկերությանը։ «Թի այ ջի ինվեսթը» գրանցված է Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում՝ Skantses 52 հասցեում։ Ըստ լատվիական ընկերությունների ռեգիստրի՝ այս «Թի այ ջի ինվեսթի»։ Ընկերության շահառու սեփականատերը (բենեֆիցիար) Լատվիայի քաղաքացի Աիգարս Կեսենֆելդն է։  Ավելի ուշ լատվիական վարկային կազմակերպությունը վերաձևավորվել է մեկ այլ ընկերության՝ «Ֆինկո ինվեստ» անունով։ Վերջինի բաժնետիրական կապիտալը գերազանցում է 1.5 միլիոն եվրոն։

2012-ից Հայաստանում գործում է «Գուդկրեդիտ» ունիվերսալ վարկային կազմակերպությունը, որն ունի հինգ մասնաճյուղ՝ միայն Երևանում։ «Գուդկրեդիտի» գործունեության հիմնական ուղղությունը սպառողական վարկերի տրամադրումն է։ Ընկերության կայքից տեղեկանում ենք, որ վարկային կազմակերպությունը փաստացիորեն նոր ձևավորված է, քանի որ նախ հանդիսացել է «Ավանգարդ ինվեստ ՈՒՎԿ ՓԲԸ» իրավահաջորդ, իսկ 2012-ին  Կենտրոնական բանկի որոշման համաձայն վերանվանվել «Գուդկրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ։ Վարկային այս կազմակերպության գլխավոր տնօրենը տնտեսագետ Արտաշես Տոնոյանն է, իսկ բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է 4 Finance Holding S.A. ընկերությանը, որը գրանցված է Լյուքսեմբուրգում։

4 Finance ընկերությունն հիմնվել է 2008-ին Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում, ընկերության գրանցված կապիտալը կազմել է  ավելի քան 3 միլիոն դոլար։ 4 Finance-ը հետագայում վերաձևավորվել է, լրջորեն ընդլայնել իր գործունեությունն ամբողջ աշխարհում, ներկայացվել նաև Հայաստանում։ 4 Finance-ը արդեն 20 միլիոնից ավել վարկային պայմանագրեր է կնքել ամբողջ աշխարհում։ Ինչպես «Վարկս»-ի բաժնետեր «Թի այ ջի ինվեսթի» դեպքում, այստեղ ևս հանդիպում ենք լատվիացի Այգարս Կեսենֆելդի անվանը՝ որպես ընկերության հիմնադիր։ «Գուդկրեդիտը» Հայաստանում մեկ այլ ապրանքանիշ ևս ներկայացնում է՝ «Վիվուսը»։ Այն տրամադրում է 10-300.000 դրամ սպառողական վարկեր։ «Վիվուսն» ունի չորս մասնաճյուղեր, հնարավորություն  է ընձեռում վարկին դիմել նաև առցանց եղանակով։

«Մոգո». Հայաստանից մինչև Լյուքսեմբուրգ

2017-ից ԿԲ-ից ստացած լիցենզիայի հիման վրա  Հայաստանում գործում է «Մոգո» ունիվերսալ վարկային կազմակերպությունը։ «Մոգոն» Հայաստանում վարկերի տրամադրմամբ զբաղվելու ամենաշատ կետերն ունի, ընդհանուր առմամբ ողջ հանրապետությունում կա վարկի տրամադրման 327 կետ, վարկեր տրամադրման մեծ մասը կատարվում է Հայմամուլի կրպակներում։ «Մոգոն» գործում է հարևան Վրաստանում, ինչպես նաև Լատվիայում, Լիտվայում, Էստոնիայում, Ռումինիայում, Մոլդովայում, Բուլղարիայում։

Վարկ տրամադրվում է 350.000-20.000.000 դրամի չափով։ «Մոգոյի» գլխավոր տնօրենը Մեսրոպ Առաքելյանն է, ով նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասարակական հիմունքներով խորհրդականն է, իսկ բաժնետերը «Մոգո բալթիկս ընդ կաուկասուս» ընկերությունն է, որի բենեֆիցիար անձը դարձյալ Այգարս Կեսենֆելդն է։ Այս ընկերության արմատները նույնպես Լատվիայում են, այն հիմնվել է 2012 թվականին։ «Մոգո բալթիկս ընդ կաուկասուս»-ի բաժնետերն իր հերթին Լյուքսեմբուրգում գրանցված  Mogo Finance SA-ն է։

Լյուքսեմբուրգում գրանցված  Mogo Finance SA-ը, ըստ էության, աշխարհում գործող «Մոգոների»  մայր ընկերությունն է։«Մոգոները» լայն աշխարհագրություն ունեն՝ ներկայացված են նաև Քենիայում, Ուգանդայում,Ուզբեկստանում, Ղազախստանում, Ուկրաինայում, Գերմանիայում, Հոլանդիայում, Բելգիայում և այլուր։ Mogo Finance-ի հաշվետվությունից տեղեկանում ենք, որ հայկական և վրացական «Մոգոները» մի քանի խոշոր վարկային գծեր են բացել «Արդշինբանկում»։ 2018-ի փետրվարին «Արդշինբանկը» վրացական «Մոգոյին» տրամադրել է 1 միլիոն եվրո վարկ՝ 7.8 տոկոսադրույքով և 3 տարվա մարման ժամկետով։ 2017-ի սեպտեմբերին բանկը 200 միլիոն դրամով վարկավորել է հայկական «Մոգոյին» 12 տոկոս տոկոսադրույքով։ Վարկի մարման ժամկետն այս տարվա հոկտեմբերն է։ 2017-ի մեկ այլ վարկային համաձայնագրով «Մոգոն» «Արդշինբանկից» ստացել է 3.8 միլիարդ դրամի վարկ, որի մարման ժամկետն այս տարվա նոյեմբերն է։

2019-ի հաշվետվության համաձայն՝ընկերությունն ունեցել է 4 իրավաբանական անձ-բաժնետեր, որոնցից երեքը գրանցված են եղել Լատվիայում։  Ամենամեծ բաժնետոմսերն ունեցել է Այգարս Կեսենֆելդի SIA AK Family investments ընկերությունը, բաժնետոմսեր ունեն նաև Ալբերտս Պոլի, Կրիստաս Օզոլսի, Մարիս Կեյսի  ընկերությունները։ Բոլորը լատվիացիներ են։

The Black Sea մեդիահարթակը հետաքննություն էր հրապարակել ռուս միլիարդատեր Օլեգ Բոյկոյի բիզնես գործունեության վերաբերյալ և հրապարակման մի հատված վերաբերում էր Այգարս Կեսենֆելդին։Այն  ներկայացնում ենք ստորև.

«2008-ի փետրվարին Ստոկհոլմի տնտեսագիտության դպրոցի չորս լատվիացի դասընկերներ Ռիգայում հիմնում են AS OC Finance վարկային ստարտափը։ 4 ընկերներին էին Այգարս Կեսենֆելդը, Ալբերտս Պոլը, Կրիստաս Օզոլսն ու Մարիս Կեյսը։ Նրանք հաճախորդներին փոքր վարկեր էին տրամադրում՝ ինտերնետի, տեքստային հաղորդագրությունների միջոցով։ Ավելի ուշ նրանց են միանում 4 նոր բաժնետերեր՝ Մալթայում հիմնելով Fatcat investments limited ընկերությունը, իսկ 2011 թվականին ընկերությունը վերանվանվում է 4Finance (այն ընկերությունը, որը ՀՀ-ում «Գուդկրեդիտի» բաժնետոմսերի սեփականատերն է)։ 2011-ի հոկտեմբերին ռուս միլիարդատեր Օլեգ Բոյկոն գնում է Fatcat investments-ի 75 տոկոսը՝ վճարելով 55  միլիոն դոլար, իսկ հետագայում Բոյկոն ամբողջությամբ ձեռք է բերում 4Finance-ը։ Ստացված գումարը Կեսենֆելդը ներդնում նոր նախագծերի մեջ՝ հիմնելով «Մոգոն» ու ներդրումներ կատարելով այնտեղ»։

Շարունակությունը՝ 1lurer.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել