tert.am։ Ազգային ժողովում 2018-ի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանը հիմնական զեկուցող ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանից հետաքրքրվեց՝ նոր բյուջեով, որ բերվելու է քննարկման, նախատեսվո՞ւմ է նոր վարկային միջոցների ներգրավում, թե ոչ, և եթե այո, ապա ի՞նչ ծավալներով:

Ի պատասխան Ջանջուղազյանն ասաց, որ նոր վարկային ծրագրեր նախատեսում են իրականացնել: «Մենք ընդհանրապես այն տրամաբանությամբ ենք առաջնորդվում, որ ոչ թե պետք է մտածենք հարկային միջոցներն օգտագործելով վարկային միջոցները մարելու մասին՝ այլ ընդհակառակը՝ պետք է մտածել, որ մեր փոխառու միջոցները ներգրավվելով մեր տնտեսության այնպիսի աճ ունենանք, որ իրենց տեսակարար կշռով և իրենց ազդեցության չափով նվազագույնի հասցվի»,- ասաց նա:

Ատոմ Ջանջուղազյանը պարզաբանեց, որ ոչ թե սահմանափակելու են նոր վարկ, նոր փոխառու միջոցներ ներգրավելու հնարավորությունը, այլ ուղղակի ձգտելու են, որպեսզի դրա կառավարելիության աստիճանը բարձրանա և դա իրենցից մեծ ջանք չպահանջի:
Կարեն Սիմոնյանն արձագանքեց. «Հստակեցրեք՝ հնարավո՞ր է այնպիսի իրավիճակ, որ վարկ-ՀՆԱ հարաբերակցությունը հասնի մինչև 60 տոկոսի»: