armenpress.am: Վարորդական իրավունք ստացած 473 անձ 2019-ին հաշվառվել է հոգեբուժական և թմրաբանական բուժհիմնարկներում. նրանց վարորդական վկայականները ճանաչվել են ուժը կորցրած:

Այս մասին հայտնեց Ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանը «Բարգավաճ Հայաստան» խմբակցության կողմից հրավիրված «Ճանապարհային երթևեկության արդի հիմնախնդիրները և դրանց լուծման ուղիները» խորագրով խորհրդարանական լսումներին՝ ներկայացնելով 2019-ին ՃՈ-ի կողմից իրականացված աշխատանքները:

«Հոգեբուժական և թմրաբանական բժշկական հաստատություններում հաշվառվել է վարորդական վկայականներ ստացած 473 անձ, վարորդական վկայականները ճանաչվել են ուժը կորցրած, որոնցից 102-ը առգրավվել և հանձնվել են ՃՈ»,- ասաց Կարապետյանը:

Նա վստահեցրեց՝ արվել է հնարավոր ամեն ինչ ճանապարհատրանսպորտային պատահարների նախականխման և դրանց հետևանքների ծանրության աստիճանի նվազեցման համար, ինչը որոշակիորեն տվել է իր դրական արդյունքը: