«Լիդիան Արմենիայի» նախկին աշխատակիցները տարածել են հայտարարություն, որում ասվում է.

«Տեղեկացնում ենք, որ ՀՀ վարչական դատարանը վարույթ է ընդունել մեր հայցն ընդդեմ ՀՀ ոստիկանության: Ինչպես արդեն տեղեկացրել էինք, մարտի սկզբին մենք՝ «Լիդիան Արմենիայի» 35 նախկին աշխատակիցներս, ովքեր զրկվել են իրենց օրինական աշխատանքից Ամուլսարի ծրագրի շուրջ արդեն գրեթե 2 տարի տևող ապօրինության հետևանքով, հայց ենք ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ պահանջելով  ոչ իրավաչափ ճանաչել ՀՀ ոստիկանության անգործությունը, որից հետո ՀՀ կառավարությունից դատական կարգով պահանջելու ենք ֆինանսական փոխհատուցում այս 2 տարվա ընթացքում մեր կորցրած և հանքի շահագործման ընթացքում ակնկալվող եկամուտների դիմաց: Մենք հետևողական ենք լինելու վերականգնելու և պաշտպանելու մեր ոտնահարված իրավունքները՝ ընդհուպ մինչև Մարդու իրավունքների եվրոպական դատարանում: Այս ընթացքում ավելի քան 80 նախկին աշխատակից ևս միացել է հայցին:

Արդեն 2 տարի է մենք կանգնել ենք  գործազրկության ու լուրջ ֆինանսական և սոցիալական խնդիրների առջև և մեր  մաշկի վրա զգում ենք այն բոլոր դժվարությունները, որոնց հետ այսօր, ցավոք, ստիպված են առերեսվել մեր հազարավոր հայրենակիցները՝ Հայաստանում և աշխարհում նոր տիպի կորոնավիրուսի համաճարակի բռնկման հետևանքով: Ու եթե նրանց պարագայում ստեղծված իրավիճակը պայմանավորված է օբյեկտիվ պատճառներով, մենք փաստացի շարունակական ապօրինության զոհ ենք, որի ընթացքում գոնե մեկ անգամ ՀՀ վարչապետը կամ կառավարության որևէ ներկայացուցիչ երբևէ չի զանգել ու չի հետաքրքրվել, թե ինչպես ենք մենք դիմակայում ստեղծված իրավիճակին:  

Որպես ՀՀ քաղաքացիներ կոչ ենք անում կառավարությանը վերականգնել մեր՝ հարյուրավոր աշխատավոր քաղաքացիների ոտնահարված և անտեսված իրավունքները, վերանայել խտրական և անիրավաչափ մոտեցումը «Լիդիան Արմենիայի» նկատմամբ, անհապաղ վերականգնել օրինականությունն Ամուլսարի ծրագրի շուրջ, քանի որ այսօր այս դժվարին իրավիճակում մեր երկրին անհրաժեշտ են «Լիդիան Արմենիայի» նման պատասխանատու տնտեսվարողներ և մեզ նման աշխատավոր քաղաքացիներ, այլ ոչ թե բարձ գոռացողներ՝ համատեղ ուժերով այս արհավիրքը հաղթահարելու և մեր տնտեսությունը վերականգնելու համար: