Մեզ համար էական չէ տվյալ կազմակերպությունը տեղական է, միջազգային թե օֆշորային, մենք խնդիրը պարզ ներկայացրել ենք և փաստերով հիմնավորել այն։Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Ջերմուկի բնակիչ, բնապահպան Շիրակ Բունիաթյանը:

«Վարչապետ Փաշինյանի մամուլի ասուլիսն էի նայում։

Ուզում եմ անդրադառնալ Ամուլսարի խնդրին, վարչապետի անդրադարձին։

Ես չգիտեմ, թե ո՞վ կամ ովքե՞ր են նրան զեկուցում Ամուլսարի շուրջ ստեղծված իրավիճակը, բայց վստահ կարող եմ ասել, որ չնայած շուրջ երկու տարի է Ամուլսարի տարծքում և նրա շուրջ ակտիվ պայքար է մղվում ժողովրդի կողմից, բայց վարչապետը մինչ օրս իրավիճակին ճիշտ չի տեղեկացված։

Մե՛նք պայքարի հենց սկզբից հստակ նշել ենք, որ այստեղ չկա պայքար անձերի կամ կազմակերպությունների դեմ։

Մեզ համար էական չէ տվյալ կազմակերպությունը տեղական է, միջազգային թե օֆշորային ։

Մե՛նք խնդիրը պարզ ներկայացրել ենք և փաստերով հիմնավորել այն։

Մե՛նք բազմիցս նշել ենք, որ Ամուլսարի խնդիրը բազմաշերտ է։

Այստեղ միարժամանակ կա և՛ մարդու իրավունքների կոպտագույն խախտում, և՛ բնապահպանական ակնհայտ ռիսկեր, և՛ տնտեսական մոդելի փոփոխության խնդիր։

Շրջակա համայնքների ժողովրդի մեծամասնության դիրքորոշումը գրավոր կերպով և հանրագրի տեսքով պետք է որ վարչապետի սեղանին լիներ։

Բայցեւայնպես չենք զլանա և ևս մեկ անգամ կկրկնենք։

Ամուլսարի տարածքում հանք չի լինելու, անկախ դրանից այդ ծրագիրը իրականացնողը տեղական, թե միջազգային կազմակերպություն է։

Անկախ դրանից այդ հանածոները երկրում են մնալու թե դուրս են գալու ։

Անկախ դրանից մեր պայքարի արդյունքում, ոմանք հույսեր են փայփայելու թե երազախափ են լինելու։

Սա է հայ ժողովրդի հայրենասեր և գիտակից մեծամասնության դիրքորոշումը ։

Այս կառավարության հետ, թե առանց նրա, մենք Ամուլսարի կործանումը թույլ չենք տալու։

Ամուլսարում հանքարդյունաբերության էջը այլևս փակված է։

Ամուլսարը հայրենիք է, Ամուլսարը մեր տան սյունն է և այն ամուր ենք պահելու»,- գրել է նա: