armenpress.am:   ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության առաջարկով խորհրդարանում Երևանի քաղաքապետարանին արված նվիրատվությունների քննիչ հանձնաժողով ստեղծելու մեջ իշխանության տարանջատման խախտման վտանգ է տեսնում: Այս մասին Փաշինյանն ասաց ՀՀ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում՝ պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության անդամ Լուսինե Բադալյանի հարցին:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն այդ թեմայի շուրջ քննարկում է ունեցել, ԱԺ նախագահն էլ հայտարարություն է արել հանձնաժողովի ստեղծման մասին, ինչն արտահայտել է մեր քաղաքական թիմի ընդհանուր քաղաքական կամքը, որ ընդդիմությունը պետք է հնարավորություն ունենա օգտվել օրենքով իրեն վերապահված բոլոր լծակներից և հնարավորություններից: Դրանից հետո Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը իրավական վերլուծությամբ եկել է այն եզրակացության, որ տվյալ դեպքում Ազգային ժողովում քննիչ հանձնաժողով չի կարող ձևավորվել, որովհետև դա չի համապատասխանում այդպիսի հանձնաժողովի ձևավորումը ՀՀ Սահմանադրությանը: Երևանի ավագանու գործունեության կանոնակարգում ֆիքսված է քննիչ հանձնաժողով ստեղծելու լիազորությունը»,- ասաց Փաշինյանը: