Վարչապետի նախաձեռնությունները շուտով նոր միս ու արյուն են ստանալու, այդ թվում՝ ԵՄ և ԵԽ օժանդակությամբ. Վլադիմիր Կարապետյան |lragir.am|
14:31 - 18 հունիսի, 2019

Վարչապետի նախաձեռնությունները շուտով նոր միս ու արյուն են ստանալու, այդ թվում՝ ԵՄ և ԵԽ օժանդակությամբ. Վլադիմիր Կարապետյան |lragir.am|

lragir.am: Հայաստանի Հանրապետության վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանն ընդգծում է, որ դատական բարեփոխումների գործընթացը վարչապետի հայտնի ելույթից հետո նոր թափ է ստացել: Նրա խոսքով՝ այն ներառում է բոլոր ուղղությունները թե դատական համակարգը, թե ԲԴԽ-ն, նաև արդարադատության համակարգն ամբողջապես՝ ներառյալ կոռուպցիայի կանխարգելումն ու դեմ պայքարը: Վլադիմիր Կարապետյանը հարցազրույց է տվել «Առաջին լրատվական»-ին, որն «Արմենպրես»-ը ներկայացնում է ստորև.

-Պարոն Կարապետյան, Հայաստանում է գտնվում ԵԽ Գլխավոր քարտուղարի տեղակալի գլխավորած պատվիրակությունը: Ի՞նչ ուղերձներով է Հայաստան ժամանել տիկին Գաբրիելա Բատիանի-Դրագոնին։

-Ինչպես հայտնի է՝ Հայաստանի և Եվրոպայի Խորհրդի (ԵԽ) միջև շփումներն ունեն կանոնավոր բնույթ: Ժողովրդավարության և մարդու իրավունքների առաջմղման գործում ԵԽ-ն Հայաստանի կարևորագույն գործընկերն է և մենք ամենաակտիվ երկխոսության մեջ ենք Ստրասբուրգի հետ: Այսպես, ապրիլին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ստրասբուրգում ելույթից և բաձրաստիճան հանդիպումներից հետո Հայաստան ժամանեցին Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիաննի Բուքիքիոն, ԵԽԽՎ նախագահ Լիլիան Պասկիեն, Հայաստանում էր գտնվում ԵԽ դեպարտամենտների տնօրեններից բաղկացած մեկ այլ բարձրաստիճան պատվիրակություն: Մեր գործակցության ինտենսիվությունը վկայություն է այն մեծ հետաքրքրության և շահագրգռվածության, որ տալիս է այդ կարևորագույն ինստիտուտը Հայաստանի հետ հարաբերություններին:

Այսօր էլ Գլխավոր քարտուղարի տեղակալը վերահաստատեց ԵԽ անվերապահ աջակցությունը վարչապետի նախաձեռնած արդարադատության համակարգի արմատական բարեփոխումներին: Եվ այդ աջակցությունը կլինի շոշափելի և համընդգրկուն:

– Ի՞նչ ընթացքում են դատական համակարգի բարեփոխումները

– Ես ինձ իրավունք չեմ վերապահի խոսելու իրավական նրբերանգների մասին, այն թողնելով ոլորտի մասնագետներին, սակայն իմ կողմից կասեմ, որ վարչապետ Փաշինյանի հայտնի ելույթից հետո գործընթացը նոր թափ ստացավ և այժմ ունի համապարփակ բնույթ։ Այն ներառում է բոլոր ուղղությունները՝ թե դատական համակարգը, թե ԲԴԽ-ն և վստահ եմ նաև արդարադատության համակարգն ամբողջապես՝ ներառյալ կոռուպցիայի կանխարգելումն ու դեմ պայքարը։

Այստեղ կարևոր եմ համարում ընդգծել, որ իշխանության նախաձեռնություններն ամբողջությամբ ստացան ոչ միայն մեր հասարակության աջակցությունը, ինչը օրինաչափ էր և մեծ ոգևորություն է առաջացնում թիմի շրջանում, այլև միջազգային հանրության՝ օրենքի գերակայության, մարդու իրավունքների և ժողովրդավարության առաջատար կառույցների՝ ԵԽ, ներառյալ Վենետիկի հանձնաժողովի և Եվրոպական Միության լիակատար սատարումը։ Սրանք այն կազմակերպություններն են, որոնց հետ նաև սերտ կապեր ունեին ու շարունակում են որոշ դեպարտամենտների հետ ունենալ նախկին՝ հանցավոր ռեժիմի ծառաներն ու մարիոնետները։ Դրանք հեղեղեցին այդ կազմակերպությունները իրենց բողոքներով, փորձելով ազդել ժողովրդավարության համար «պատասխանատու» այդ ինստիտուտների վրա։ Նրանք վստահ էին, որ եվրոպական այս կառույցները կցուցաբերեն ֆորմալ մոտեցում ու վերապահումներով կմոտենան Հայաստանի իշխանության կտրուկ քայլերի նկատմամբ։ Ի պատիվ ԵԽ-ի, որի անդամ է նաև Հայաստանը, նաև մեզ հետ սերտ համագործակցության մեջ գտնվող ԵՄ-ի, վերջիններս ամբողջապես սատարեցին Հայաստանին, երբեմն նույնիսկ ավելի նորարար մոտեցումներով։ Պետք է ընդգծեմ, որ սա առաջին անգամ չէ՝ նույն այդ անձինք Հայաստանի դեմ ստեր էին տարածում հեղափոխությունից անմիջապես հետո ընկած ժամանակահատվածում, օգտվելով նոր թիմի անփորձությունից, սակայն թե՜ ԵԽ և թե Եվրոպական Միությունը նախընտրում էր շփվել և լսել պաշտոնական Երևանին։

Եթե ասեմ, որ եվրոպական ինստիտուտների այս արձագանքը տխրեցրել է ՀՀԿ-ական բեկորներին՝ ոչինչ ասած չեմ լինի։ Այսօր, կարելի է ասել, որ այդ թևն ամբողջապես ջախջախված և դեմորալիզացված է՝ նրանց չի ընդունում ոչ միայն սեփական ժողովուրդը, այլև՝ տարիներ շարունակ Հայաստանի արդարադատության համակարգը մի քանի տասնյակ միլիոնավոր եվրոներով հեղեղած եվրոպական ինստիտուտները։ Վերջիններս հավաստիացան, թե որքան անարդյունավետ է ծախսվել հսկայածավալ այդ օգնությունը և աներկբա աջակցություն հայտնեցին Նիկոլ Փաշինյանի որդեգրած գծին։

– Երբ ասում եք աջակցության մասին, ինչո՞վ է դա արտահայտվել։

– Նախևառաջ՝ պաշտոնական դիրքորոշումներով. Հայաստանում հավատարմագրված ԵՄ դեսպանների և ԵՄ Երևանյան գրասենյակի հայտարարությունը և ԵՄ դեսպանի հայտարարությունը : Դրան հաջորդեցին վարչապետ Փաշինյանի հեռախոսազրույցը Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Տ. Յագլանդի հետ։ Թեև զրուցակիցների նախնական պայմանավորվեծությունն այն էր, որ Հայաստան պետք է ժամաներ փորձագետների խումբ, արդյունքում ԵԽ-ն որոշեց բարձրաստիճան պաշտոնյաների մի մեծ դեսանտ գործուղել Հայաստան: Հունիսի 30-31-ին տնօրեն Քրիստոս Ջիակումոպոլուսի գլխավորությամբ ԵԽ պատվիրակությունը Հայաստանում էր և հանդիպեց գործընթացի բոլոր դերակատարների հետ։ Այցը չափազանց կարևոր էր, քանի որ պետք է հաստատեր այն ուղենիշները, որոնց հավատարիմ պետք է գործեին Հայաստանին աջակցող բոլոր կազմակերպությունները։ Արդյունքը երկար սպասել չտվեց։ Մի քանի օր անց նրանք անդրադարձան այցից ստացված տպավորություններին և ներկայացրեցին ԵԽ առաջարկությունները։ ԵԽ պատվիրակությունը հաստատեց, որ Եվրոպայի խորհուրդը մեծապես գնահատում է դատական բարեփոխումների օրակարգին հետամուտ լինելու՝ Հայաստանի կառավարության հանձնառությունը:

ԵԽ մեր գործընկերները կիսում են մեր այն տեսակետը, որ կա կոռուպցիայի դեմ ավելի եռանդուն ջանքեր գործադրելու և դատական համակարգը բարեփոխելու հստակ անհրաժեշտություն: Պատվիրակության այցի արդյունքերին անդրադարձավ նաև ԵԽ Գլխավոր քարտուղար Յագլանդը, որը վարչապետ Փաշինյանին ուղղված իր նամակում գնահատեց դատական համակարգում բարեփոխումների օրակարգին հետամուտ լինելու վարչապետի հանձնառությունը:

– Որոնք պետք է լինեն առաջիկա քայլերը։

-Մենք սերտորերեն աշխատում ենք ԵԽ մեր գործընկերների հետ և ամփոփում ենք դատական համակարգի համապարփակ և հեռահար բարեփոխումների հայեցակարգը, որը հիմնված է երեք հենասյուների վրա.
Ա) Կոռուպցիայի դեմ պայքար. արդեն Ազգային ժողովում են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին օրենքի փոփոխությունները, որոնք հնարավորություն կտան մոտ ապագայում ձևավորել այդ մարմինը, որը պետք է ուշադրություն դարձնի առնվազն հետևյալ կանխարգելիչ միջոցառումների վրա՝ պետական պաշտոնյաների, ներառյալ դատավորների եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագրերի ստուգում և, անհրաժեշտության դեպքում, իրավասու մարմիններին միջնորդելու` կարգապահական կամ քրեական պատասխանատվության գործընթաց ձեռնարկելու նպատակով:

Բ)Արդարադատության համակարգի անկախության և արդյունավետության բարձրացում, ներառյալ նոր դատավորների հավաքագրման, վաղաժամկետ կենսաթոշակային սխեմայի և աշխատավարձի բարձրացման միջոցով: Անհրաժեշտ են քայլեր, որոնք կօգնեն վերացնել երկարատև անձնական հարաբերությունների և փոխկապակցվածությունների շղթան: Բոլոր նշված քայլերը պետք է համակցված լինեն աշխատանքային մեթոդների արդիականացման և դատարանների բեռի նվազեցման պարզեցված ոչ դատական ընթացակարգերի ներդրման հետ:

Գ) Մարդու իրավունքների հիմնարար խախտումներ և անպատժելիության մթնոլորտի վերացում. այս համատեքստում կարևորվում են հատկապես Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռները, որոնք հաստատում են մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի կոպիտ խախտումներ: Մոտեցումն այն է, որ հիմնարար խախտումներ թույլ տված դատավորները պետք է պատասխանատվություն կրեն օրենքով սահմած կարգով:

Եվրոպայի խորհուրդն ակտիվորեն մասնակցում է բարեփոխումների ջանքերին Գործողությունների ծրագրի շրջանակներում, որն երեկվանից մեկնարկել է Երևանում, Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի տեղակալի մասնակցությամբ:

Շարունակությունը՝ այստեղ


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել