Վերաքննիչը քննում է «Մուլտի գրուպ»-ի տնօրենին կալանավորելու հարցը |news.am|
10:34 - 25 հոկտեմբերի, 2019

Վերաքննիչը քննում է «Մուլտի գրուպ»-ի տնօրենին կալանավորելու հարցը |news.am|

news.am: Վերաքննիչ քրեական դատարանում, դատավոր Լուսինե Աբգարյանի նախագահությամբ ընթանում է «Մուլտի գրուպ» ընկերության տնօրեն Սեդրակ Առուստամյանին գրավով ազատ արձակելու որոշման դեմ դատախազության բողոքի քննությունը։ Առուստամյանը դատարան ներկայացավ ձեռնափայտով։ Լրագրողների հետ զրույցում Առուստամյանն ասաց, որ չի ընդունում առաջադրված մեղադրանքը։ Հարցին, եթե դատարանը որոշի կալանավորել, պատրաստ է արդյոք կալանքը կրելու, Առուստամյանն արձագանքեց. «Ամեն ինչի էլ պատրաստ եմ»։

Մեկ ամիս առաջ Սեդրակ Առուստամյանի նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոց էր կիրառվել գրավը և 20 մլն դրամի դիմաց ազատ էր արձակվել արգելանքից։ Սեդրակ Առուստամյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 38-189-րդ հոդվածի 3-րդ մասով, 38-205-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցավոր արարքներ կատարելու մեջ:

Գուրգեն Սարգսյանն ու Սուրեն Ավագյանը մեղադրվում են Քրեական օրենսգրքի 38-190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 38-189-րդ հոդվածի 3-րդ մասով և 38-205-րդ հոդվածի 2-րդ մասով: Խոսքը փողերի լվացման, խոշոր չափով հարկերից խուսափելու և կեղծ ձեռնարկատիրությամբ զբաղվելու կամ այդ հանցավոր արարքների կատարումը կազմակերպելու մասին է:

Ըստ Քննչական կոմտեի տարածած հաղորդագրության՝ «Սեդրակ Առուստամյանը, փաստացի ղեկավարելով «Սթոնս» ՍՊ ընկերության գործունեությունը, միաժամանակ, 2016թ. հունիսի 10-ից օգոստոսի 8-ն ընկած ժամանակահատվածում հանդիսանալով «Սթոնս» ՍՊ ընկերության 100 տոկոս բաժնեմասի սեփականատեր, ընկերության աշխատանքներն իր հետ համակարգող Սուրեն Ավագյանի և Գուրգեն Սարգսյանի հետ միասին, «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի «М1 Թալինից Գյումրի ճանապարհի վերակառուցում և բարելավում» ենթածրագրի շրջանակներում Թալին-Լանջիկ և Լանջիկ-Գյումրի հատվածների շինարարական աշխատանքներն իրականացնող կապալառու «Սինոհիդրո քորփորեյշն» ՍՊ ընկերության հայաստանյան մասնաճյուղի ներկայացուցիչների դրդմամբ, հանցավոր համաձայնություն է ձեռք բերել՝ «Սինոհիդրո քորփորեյշն» ՍՊ ընկերության հայաստանյան մասնաճյուղին առանց ծառայությունների մատուցման հարկային հաշիվներ դուրս գրելու միջոցով ընկերությունից ապօրինի ֆինանսական միջոցներ դուրս բերելու, դրանց հանցավոր ծագումը թաքցնելու և խեղաթյուրելու նպատակով դրանք իրենց փոխկապակցված այլ ընկերությունների փոխանցելու և գումարները այլ ծախսերի պատրվակով կամ որպես շահաբաժնի անվան տակ կանխիկացնելու և օրինական շրջանառություն մտցնելու և այդ կերպ նաև «Սինոհիդրո քորփորեյշն» ՍՊ ընկերության հայաստանյան մասնաճյուղի կողմից առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելուն օժանդակելու վերաբերյալ»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել