Վերջին հինգ տարում Հայաստանը 415 տոկոսով ավելացրել է զենք-զինամթերքի ներկրումը. SIPRI |azatutyun.am|
15:14 - 10 մարտի, 2020

Վերջին հինգ տարում Հայաստանը 415 տոկոսով ավելացրել է զենք-զինամթերքի ներկրումը. SIPRI |azatutyun.am|

azatutyun.am: Վերջին հինգ տարիներին Հայաստանը 415 տոկոսով ավելացրել է զենք-զինամթերքի ներկրումը նախորդ հնգամյակի՝ 2010–2014 թվականների համեմատ, պնդում է Ստոկհոլմում գործող Միջազգային խաղաղության հետազոտությունների ինստիտուտի (SIPRI)՝ երեկ հրապարակած զեկույցը: Հեղինակավոր կառույցը փաստում է, որ ներկրումների առյուծի բաժինը՝ 94 տոկոսը Ռուսաստանից է:

Նույն ուսումնասիրության համաձայն, անցած հինգ տարում Ադրբեջանը շուրջ 40 տոկոսով նվազեցրել է զենք-զինամթերքի ներկրումը՝ նախորդ հնգամյակի համեմատ: Այդուհանդերձ, անգամ այս տեմպերով, ըստ զեկույցի, 2015-19 թվականներին Ադրբեջանը զենքի ձեռքբերման ծավալներով գերազանցել է Հայաստանին ավելի քան երեք անգամ: Ընդ որում, ադրբեջանական բանակը զինատեսակների 60 տոկոսը ներկրել է Իսրայելից, և միայն 31 տոկոսը՝ Ռուսաստանից:

Հիշեցնելով 2016 թվականի քառօրյա պատերազմը՝ զեկույցը փաստում է, որ հիմա երկու երկրներն էլ ընդարձակում են իրենց ռազմական կարողությունները՝ ձեռք բերելով նաև հրթիռներ, որոնք կարող են շատ ավելի մեծ հեռահարությամբ խոցել թիրախները հակառակորդի տարածքում:

Հարևան Թուրքիան, որ 90-ականներին զենքի ներկրման ծավալով երրորդն էր աշխարհում, անցած հնգամյակում մոտ երկու անգամ կրճատել է գնումները և այժմ զբաղեցնում է 15-րդ հորիզոնականը: Փորձագետները փաստում են՝ հիմնական պատճառը ամենևին էլ Անկարայի խաղաղասիրությունը չէ, ուղղակի վերջին տարիներին էականորեն սրվել են Թուրքիայի հարաբերությունները մատակարար երկրների, այդ թվում՝ Միացյալ Նահանգների ու Գերմանիայի հետ:

Նույն ուսումնասիրության համաձայն՝ Միացյալ Նահանգները շարունակում է մնալ աշխարհում առաջատարը զենք վաճառող երկրների շարքում. «2014-19 թվականներին Վաշինգտոնն է՛լ ավելի է ամրապնդել այս դիրքը՝ ավելացնելով զենքի արտահանումը 23 տոկոսով», - փաստում է զեկույցը, հավելելով՝ Ամերիկան անցած հնգամյակում 76 տոկոսով ավելի շատ զենք-զինամթերք է վաճառել, քան Ռուսաստանը, որը երկրորդն է առաջատարների ցանկում:

Ռուսական զենքի վաճառքը միջազգային շուկայում 2014-19 թվականներին կրճատվել է մոտ 20 տոկոսով: Հիմնական պատճառներից մեկը Հնդկաստանն է, որը ժամանակին ռուսական զենքի ամենամեծ ներկրողն էր, սակայն վերջին տարիներին կրճատել է ծավալները:

Ռուսաստանի փոխարեն հնդկական շուկա է մտել Ֆրանսիան, որն անցած հինգ տարիներին ավելացրել է զենքի վաճառքը ավելի քան 70 տոկոսով՝ Հնդկաստանից բացի խոշոր գործարքներ կնքելով նաև Եգիպտոսի ու Կատարի հետ:

Առաջին անգամ առաջատարների տասնյակ է մտել նաև Հարավային Կորեան. Սեուլից զենքի արտահանման ծավալներն անցած հինգ տարում ավելացել են 143 տոկոսով՝ 2010-14 թվականների համեմատ:

Ներկրողների շարքում, ի դեպ, ուշագրավ ցուցանիշներ է արձանագրել Հարավ-Աֆրիկյան Հանրապետությունը: Ժամանակին՝ 2005-2009 թվականներին այս երկիրը տարածաշրջանում ամենից շատ զենք ներկրողն էր, անցած հնգամյակում, մինչդեռ, ներկրման ծավալները մեկ տոկոսի էլ չեն հասել: «Պատճառն այդ երկրում սկսված տնտեսական խնդիրներն են, որոնք ստիպում են կառավարությանը գումարն այլ նպատակներով ծախսել», - փաստում է Ստոկհոլմում գործող Միջազգային խաղաղության հետազոտությունների ինստիտուտի հերթական զեկույցը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել