panarmenian.net: Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանն ուղերձ է հղել Արցախի քաղաքացիներին` հայտարարելով, որ ինքն ու իր թիմը երկրորդ փուլում չեն աջակցի թեկնածուներից ոչ մեկին։

Բալասանյանը նշել է, որ ինքը, որպես նախագահի թեկնածու, և «Արդարություն» կուսակցությունը շնորհակալություն են հայտնում բոլոր այն մարդկանց, ովքեր «չտրվեցին փողի գայթակղությանը, անտեսեցին վարչական ռեսուրսի կիրառումը, ինչպես նաև չընկան արկածախնդրության և դրսից հրահրվող կասկածելի գործընթացների հորձանուտի մեջ՝ քվեարկելով հանուն անվտանգության և արդարության ապահովման»։

Բալասանյանը նշել է նաև, որ կարևորում է իրեն և «Արդարություն» կուսակցությանը տված ամեն մի քվեի արժեքը։

«Մեր ստացած հազարավոր ձայները պարտավորեցնող են։ Մենք ընտրություններին մասնակցում էինք «Հաղթանակը չի՛ վաճառվում» կարգախոսով։ Ես և իմ թիմը, սիրելի՛ արցախցիներ, հավաստիացնում ենք ձեզ, որ ձեր տված քվեին մենք տեր ենք կանգնելու և՛ որպես խորհրդարանական խմբակցություն, և՛ որպես քաղաքական դաշտում իր զգալի տեղն ունեցող քաղաքական ուժ։

Նախագահական ընտրությունների երկրորդ փուլին մենք չենք պաշտպանի թեկնածուներից որևէ մեկին, քանզի նրանց հետ գաղափարական տարաձայնություններն ու տեսակային տարբերություններն ակնհայտ են։ Իմ անցած ուղին և մեզ քվե վստահած ընտրողի պատգամն այլ բան չեն էլ ենթադրում»,- ասվում է ուղերձում։