news.am։ Եղեգնաձորում սեպտեմբերի 17-ին փոխգնդապետ Արա Մխիթարյանին ծեծի ենթարկելու միջադեպի վկային ահաբեկում են, սպառնում: Այս մասին այսօր` սեպտեմբերի 23-ին, հոսպիտալի մոտ տեղի ունեցող բողոքի ակցիայի ժամանակ լրագրողներին ասաց պահեստազորի փոխգնդապետ Կարեն Հակոբյանը:

«Կա վկաների ցուցմունք, որի մասին տեղյակ եմ ես, որ վկային փակ համարով ահաբեկում են, որ կփոշմանես, նա դիմում է Ոստիկանություն, նրան արձագանքում են 40 րոպե հետո: Ես վստահ եմ, որ մեր իրավապահ մարմինները ոչ մի բան չի կոծկի: ՀՀ-ում չկա նման միջադեպ, որ կարան քարով մարդու գլուխը ջարդեն, նամանավանդ` հայոց սպայի գլուխը ջարդեն, տենց արել է միայն Ռամիլ Սաֆարովը, էտի թուրքի գործողություն է եւ դրան ներում, բեկում չկա:

Եթե Արա Մխիթարյանը արել է այդպիսի մի արտահայտություն, որի համար պետք է նրա գլուխը ջարդել, եկեք իմ գլուխը ջարդեք: Սպան բարձրագույն արժեք է, դե եկեք հերթով սաղին գյուլլենք»,-ասաց նա:

Փոխգնդապետ Արա Մխիթարյանին ծեծելու մեջ կասկածվող Վայոց Ձորի մարզպետի 28-ամյա օգնականին մեղադրանք է առաջադրվել, նա կալանավորվել է:
Փոխգնդապետ Արա Մխիթարյանի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր: