armtimes.com։ Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլին հունվարի 22-ին ընդունել է պաշտոնական այցով Թբիլիսի ժամանած իր ադրբեջանցի գործընկեր Զաքիր Հասանովին:

Վրաստանի ՊՆ-ում տեղի ունեցած հանդիպման ընթացքում պաշտպանության նախարարները քննարկել են Վրաստանի և Ադրբեջանի միջև ռազմավարական գործընկերության և պաշտպանական համագործակցության հարցերը։

RegionMonitor-ը հայտնում է, որ պաշտոնական արարողությունից հետո տեղի ունեցած ընդլայնված նիստում Իրակլի Ղարիբաշվիլին շնորհակալություն է հայտնել իր ադրբեջանցի գործընկերոջը՝ Վրաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականությանը ցուցաբերած աջակցության համար: Նա նշել է, որ երկու երկրների բարեկամական և բարիդրացիական հարաբերությունները տարածաշրջանում կայունության և անվտանգության երաշխիքներն են:

Նախարարները քննարկել են նաև ռազմական ոլորտում երկկողմ համագործակցությունը: Հանդիպման ավարտին Իրակլի Ղարիբաշվիլին և Զաքիր Հասանովը ստորագրել են 2020 թվականի երկկողմ համագործակցության պլանը, որը ուղղված է պաշտպանության ոլորտում երկու երկրների համագործակցության խորացմանը: