aliq.ge: Վրաստանի ընդդիմադիր «Եվրոպական Վրաստան» և «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունների պատգամավորները շարունակում են բոյկոտել խորհրդարանի նիստերը։

Երկու կուսակցությունների ներկայացուցիչներն էլ հայտարարում են, որ բոյկոտի ռեժիմը կշարունակեն նաև հետագա նիստերի ընթացքում, գարնանային նստաշրջանին ևս: Նրանց խոսքով բոյկոտը կշարունակվի այնքան, մինչև նրանց պահանջը՝ կապված ընտրական համակարգի հետ, չբավարարվի:

Ընդդիմադիր կուսակցությունները բոյկոտ են հայտարարել համամասնական ընտրակարգին անցնելու պահանջով:

Աշնանը, երբ խորհրդարանական մեծամասնության որոշ պատգամավորներ տապալեցին սահմանադրական փոփոխությունների մասին նախագիծը, ինչը ենթադրում էր 2020 թվականից անցում խորհրդարանական ընտրությունների համամասնական համակարգին, ընդդիմության և քաղաքացիական ակտիվիստների բողոքի մեծ ալիք սկսվեց:

Ավելի քան 20 ընդդիմադիր ուժ միավորվելով՝ պահանջում է արտահերթ խորհրդարանական ընտրություններ համամասնական համակարգով կամ գերմանական մոդելով:

Բողոքի շրջանակներում ցուցարարները մի քանի անգամ արգելափակել էին խորհրդարանի բոլոր մուտքերը, ինչն ավարտվել էր հատուկջոկատայինների մասնակցությամբ ցույցերը ցրելու գործընթացով:

Դիվանագիտական կորպուսի միջամտությամբ արդեն մի քանի անգամ հանդիպումներ են անցկացվել ընդդիմության և իշխող կուսակցության միջև, սակայն կողմերն ընդհանուր հայտարարի մինչ օրս չեն եկել: