ՏԿԵ նախարարությունն առաջարկում է փոքր ուղեւորահոսք ունեցող երթուղիները սպասարկողներին ազատել պետական տուրքից
07:57 - 30 օգոստոսի, 2019

ՏԿԵ նախարարությունն առաջարկում է փոքր ուղեւորահոսք ունեցող երթուղիները սպասարկողներին ազատել պետական տուրքից

armtimes.com։ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում շրջանառության մեջ է դրել «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը:

Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում ոչ բոլոր համայնքներն են ապահովված ընդհանուր օգտագործման տրանսպորտային փոխադրումներով, ինչը պայմանավորված է երթուղիների ոչ շահութաբերությամբ: Երթուղիների համար հայտարարված մրցույթները չեն կայանում հայտերի բացակայության պատճառով: Ներկայումս շուրջ 200 համայնքներ չունեն տրանսպորտային սպասարկում:

Բացի այդ՝ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 19.7-րդ հոդվածի համաձայն, կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից միջմարզային, ներմարզային եւ ներքաղաքային երթուղիների շահագործման ուղեւորափոխադրումների կազմակերպման արտոնագիր ստանալու համար նույնպես նախատեսված է պետական տուրք: Այսինքն՝ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով նույն գործունեության համար սահմանված է կրկնակի տուրք:

Նախարարությունը կանոնավոր ուղեւորափոխադրումները խթանելու, հանրապետության բոլոր բնակավայրերը տրանսպորտային սպասարկմամբ ապահովելու նպատակով անհրաժեշտ է համարում թեթեւացնել ոլորտում գործունեություն իրականացնողների հարկային բեռը:

Հայաստանի Հանրապետության բոլոր համայնքները տրանսպորտով ապահովելու համար անհրաժեշտ է խրախուսել այն փոխադրողներին, որոնք կցանկանան սպասարկել փոքր ուղեւորահոսք ունեցող ոչ շահավետ ներմարզային երթուղիները: Այդ նպատակով նախագծով նախատեսվում է թեթեւացնել նրանց հարկային բեռը՝ հանելով երթուղու սպասարկման համար նախատեսված տարեկան պետական տուրքը:

ՏԿԵ նախարարությունը գտնում է, որ նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության տարածքում տեղի կունենա կանոնավոր ուղեւորափոխադրումների զարգացում եւ սպասարկման որակի բարձրացում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել