ՏԿԵ փոխնախարարը մասնակցել է Իրական սեփականատերերի թափանցիկության թեմայով աշխատաժողովին
11:12 - 29 հոկտեմբերի, 2019

ՏԿԵ փոխնախարարը մասնակցել է Իրական սեփականատերերի թափանցիկության թեմայով աշխատաժողովին

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Լիլիա Շուշանյանն այսօր մասնակցել է Իրական սեփականատերերի թափանցիկության թեմայով աշխատաժողովին:

Ինչպես հայտնեցին Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, խոսելով ոլորտում իրականացված օրենսդրական նախաձեռնությունների և բարեփոխումների շարունակականության կարևորության մասին, ՏԿԵ փոխնախարարն ընդգծել է, որ այն ուղղված է ոչ թե ընթացակարգային բարելավումներին, այլ համակարգաստեղծ բարեփոխմանը. «Խոսքը ոչ միայն պետական կառավարման բարելավման, կոռուպցիայի դեմ պայքարի մասին է, այլ թե պետական կառավարման և թե բիզնես միջավայրի բարեվարքության բարձրացման մասին է»: Հաջողության հասնելու համար առաջնահերթ կարևորվել է քաղաքական կամքի առկայությունն ու բոլոր կառույցների ինտեգրված աշխատանքը:

Լ. Շուշանյանն իր ուրախությունն է հայտնել, որ ժամանակին հանքարդյունաբերության ոլորտին առնչվող օրենսդրական կարգավորումներ մշակելիս առաջնորդվել են ապագայում դրանք այլ ոլորտներին ևս ծառայեցնելու տեսլականով, ինչն այժմ իրականություն է դառնում: Դա նաև Հայաստանին թույլ է տալիս ստանձնել գլոբալ առաջնորդություն՝ դեռևս սակավաթիվ առաջամարտիկ-պետությունների հետ միասին:

Աշխատաժողովի շրջանակում ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի և Բաց սեփականության նախաձեռնության ծրագրի գործադիր տնօրեն Թոմ Թաունսենդի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր՝ ԲՍՆԾ-ի կողմից ՀՀ կառավարությանն իրական սեփականատերերի թափանցիկությունն ապահովելու հարցում աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ։

Քննարկվել են հակակոռուպցիոն ռազմավարության և իրական սեփականատերերի ճանապարհային քարտեզի մշակման ուղղությամբ Հայաստանի իրականացրած քայլերի, իրական սեփականատերերի թափանցիկության վերաբերյալ ԱՃԹՆ Հայաստանի աշխատանքում գրանցված առաջընթացի, իրական սեփականատերերի թափանցիկության ապահովմանը միտված տվյալների հավաքագրման, միջազգային փորձի վերաբերյալ հարցեր:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել