Տավուշի մարզի դատախազությունում ուսումնասիրվել են 2019 թվականի ընթացքում բնապահպանական իրավախախտումների, այդ թվում՝ ապօրինի ծառահատումների դեպքերի կապակցությամբ հարուցված քրեական գործերի նախաքննության օրինականության, ինչպես նաև այդ բնույթի հանցագործությունների նախականխման, կանխման, խափանման և բացահայտման աշխատանքների վիճակը:

Ուսումնասիրությամբ պարզվել է, որ հաշվետու ժամանակահատվածում աճել է ապօրինի անտառահատման դեպքերի առթիվ ոչ միայն հարուցված, այլ նաև դատարան ուղարկված քրեական գործերի թիվը, ինչն առաջին հերթին պայմանավորված է այդ բնույթի դեպքերի հայտնաբերման և բացահայտման հարցում մարզի իրավապահ մարմինների կատարած մեծ ծավալի և անզիջում աշխատանքով, քննությունների լիարժեքության և օրինականության ապահովման գործընացում մարզի դատախազության հետևողականության հանգամանքով։

Մասնավորապես, 2019թ. ընթացքում վարույթում քննվել է ապօրինի ծառահատման դեպքերի առթիվ հարուցված 127 քրեական գործ` որը 2018թ. համեմատ  ավելի է 18-ով կամ 16.5%-ով: Դատարան է ուղարկվել ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի տարբեր մասերի հատկանիշներով քննված 26 քրեական գործ՝ 28 անձի վերաբերյալ կամ 2018թ. համեմատ 53%-ավելի քրեական գործ՝ 27.3%-ով ավելի անձանց վերաբերյալ: Ընդ որում՝ Տավուշի մարզի դատախազության դատախազների կողմից 2019թ. ընթացքում նշված հոդվածի հատկանիշներով հետաքննության մարմնի կողմից նախապատրաստված նյութերից 6-ով վերացվել են քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումները և նույն հոդվածի տարբեր մասերով հարուցել են քրեական գործեր:

Ավելին՝ նշված ժամանակահատվածում դատարանում քննված գործերից մեղադրական դատավճիռներով ավարտվել է 22 քրեական գործ՝ 23 անձի վերաբերյալ, այն դեպքում, երբ 2018թ. ընթացքում դատարանում ավարտվել է 22 անձի վերաբերյալ 17 քրեական գործ։

Ապօրինի ծառահատումներին առնչվող պաշտոնական հանցագործությունների հատկանիշներով 2019թ.  ընթացքում Տավուշի մարզային դատախազության դատախազների դատավարական ղեկավարման կամ հսկողության ներքո քննվել է 21 քրեական գործ, որոնցից առանձնապես խոշոր չափերով վնասի պատճառմամբ կատարված ապօրինի անտառահատման հետ պաշտոնեական անփութության համակցության հատկանիշներով՝ 17 քրեական գործ, պաշտոնեական լիազորությունների չարաշահման հետ համակցության հատկանիշներով՝ 3 քրեական գործ, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու հետ համակցությամբ՝ 1 քրեական գործ: Նշված քրեական գործերով «Հայանտառ» ՊՈԱԿ-ի և «Դիլիջան ազգային պարկ»  ՊՈԱԿ-ի 9 պաշտոնատար անձանց մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական անփութութուն կատարելու համար և 4 քրեական գործ 4 անձի վերաբերյալ ուղարկվել է դատարան:

 Հայանտառ» ՊՈԱԿ-ի Իջևանի մասնաճյուղում 2018թ. հունիս-հոկտեմբեր ամիսներին տեղի ունեցած չարաշահումների փաստի առթիվ 2019թ. հարուցված մեկ քրեական գործով կոռուպցիոն չարաշահումներում այս կամ այն կերպ ներգրավվածության համար այս պահի դրությամբ մեղադրանք է առաջադրվել 5 անձի՝ որոնցից 3-ը՝ նշված մասնաճյուղի աշխատակիցներ: Նշված քրեական գործը գտնվում է նախաքննության փուլում:

Ապօրինի ծառահատումների և դրանց առնչվող պաշտոնական հանցագործությունների դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանը նպաստում է այս ոլորտում վարվող քրեական քաղաքականության փոփոխությունը, որի շրջանակում փոփոխություններ կատարվեցին ՀՀ քրեական օրենսգրքում: Բացի այդ, դատքննության փուլում գտնվող այս բնույթի քրեական գործերով մարզի դատախազությունն իրականացնում է խիստ պատժողական քաղաքականություն՝ հիմնական պատիժներին զուգահեռ մեղադրողների կողմից միջնորդելով նշանակել նաև լրացուցիչ պատիժներ՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու տեսքով։

2019թ. միայն Տավուշի մարզի դատախազության դատախազների դատավարական ղեկավարման կամ հսկողության ներքո նախաքննության և դատաքննության փուլում գտնվող քրեական գործերով հայտնաբերվել է բնությանը և պետությանը պատճառված շուրջ 623մլն ՀՀ դրամի վնաս, որը 2018թ. ցուցանիշը գերազանցում է 2.3 անգամ (269մլն դրամ): Վերականգնվել է մոտ 30մլն ՀՀ դրամի չափով վնաս, որը 2018թ. համեմատ (7.8մլն դրամ) ավելի է շուրջ 3.8 անգամ: Չվերականգնված գումարի մի մասով արդեն իսկ կալանք է դրվել մեղադրյալների ինչպես շարժական, այնպես էլ՝ անշարժ գույքի վրա, մյուս մասով նախաքննությունը դեռևս շարունակվում է։

Բացի այդ, 2019թ. ընթացքում հետաքննության մարմինների կողմից նախապատրաստված նյութերով ապօրինի ծառահատումների այն դեպքերում, երբ բավարար չեն եղել քրեական գործ հարուցելու հիմքերը, 237 անձինք ենթարկվել են վարչական տույժի: Դրանցով վնասի ընդհանուր չափը կազմել է 26մլն ՀՀ դրամ, որից վերականգնվել է 10.5մլն ՀՀ դրամ, իսկ մնացած գումարի մասով գործերը ներկայացվել են ԴԱՀԿ: