Տավուշում կա 110 հազար հա գյուղատնտեսական տարածք, որից օգտագործվում է 30 տոկոսը. մարզպետ |lragir.am|
09:36 - 22 հունիսի, 2019

Տավուշում կա 110 հազար հա գյուղատնտեսական տարածք, որից օգտագործվում է 30 տոկոսը. մարզպետ |lragir.am|

lragir.am: Տավուշի մարզպետ Հայկ Չոբյանյանը «Իմ քայլը հանուն Տավուշի մարզի» գործարար համաժողովում ներկայացրեց մարզի զարգացման ռազմավարությունը: Նա ասաց, որ իր ներկայացրածը ուղերձներ են, որոնք ուղղված են նեդրողներին:

«Բնությունը մեզ շռայլորեն պարգևատրել է, մնացածը պատկանում է մարդուն, որպեսզի համարձակ երազանք ունենալու կարողության շնորհիվ կարողանանք իսկապես Տավուշը դարձնել լավագույն վայրը ապրելու համար»,- ասաց նա:

Մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանը, ըստ Չոբանյանի, պետք է զարգացնել հատկապես պատմամշակութային տուրիզմի առումով, որովհետև հենց այդ տարածաշրջանում են գտնվում հիմնական պատմամշակութային հուշարձանները:
«Երկրորդ առավելությունը, որն ունի Նոյեմբերյանը, այն է,որ գտնվում է ՀՀ դարպասի վրա, և կառավարության նպատակն է Վրաստանի 8 մլն-ոց տուրիստական շուկան ուղղորդել դեպի Հայաստան:

Թբիլիսիից մինչև Իջևան նույն հեռավորությունն է, ինչ Երևանից դեպի Իջևան: Մենք պետք է մեր տուրիստական քաղաքականությունը տանենք երկու օդանավակայանների համակողմանի կիրառման ուղղությամբ: Մենք պետք է ունենանք մշտական երթուղի Թբիլիսիի օդանավակայանից մինչև Դիլիջան, որ տուրիստական շարժը մեծանա: Պետք է ամբողջ ճանապարհին ստեղծել նոր տուրիստական գողտրիկ հանգրվաններ: Դրանիցից մեկը Աճարկուտ գյուղն է, որն ունի 200 բնակիչ և որը աշխարհի ամենագողտրիկ գյուղերից մեկն է և որի շրջակայքում կա 30-ից ավելի պատմամշակութային հուշարձան»,- ասաց նա:

Իջևանի տարածաշրջանը ՀՀ ամենամեղմ կլիմա ունեցող տարածաշարջանն է, հետևաբար, ըստ մարզպետի, այն պետք է առանձնացնել առողջարանային ու վերականգնողական տուրիզմի համար: Այդ ուղղությամբ արդեն կան ծրագրեր:
Մարզի զբոսաշրջային թիվ մեկ բրենդ համարվող Դիլիջանում առաջիկայում պետք է զարգանա կրթական ու ինտելեկտուալ տուրիզմը, որտեղ արդեն կան լուրջ պայմաններ:

«Դիլիջանում ունենք կրթական այնպիսի հագեցվածություն, որը չկա ՀՀ ոչ մի բնակավայրում: Մենք ունենք միջազգային դպրոց, որտեղ սովորում են նաև հայերեն, ունենք ՀՀ առաջավոր դպրոցներից մեկը՝ Այբը, ունենք Թումո տեխնոլոգիական կենտրոնը, մեկ տասնյակ տեխնոլոգիական կենտրոններ»,- ասաց Չոբանյանը: Դիլիջանում կրթական տուրիզմի զարգացումը, ըստ մարզպետի, քաղաք կբերի մեծ քանակությամբ զբոսաշրջիկներ: Եվ սա առաջին հերթին կոչ է Սփյուռքի հայրենակիցներին, որպեսզի նրանց երեխաները կրթվեն այստեղ, ասաց նա:

«Տուրիզմը դա հյուրանոցը չէ, որ կառուցվում է, այն հանգրվաններն են, որոնք մենք ստեղծում ենք: Մենք մեծ զարկ ենք տալու հնագիտական տուրիզմին: Դիլիջանի հարևանությամբ ունենք դամբարանադաշտ, որն ունիկալ է նաև ամբողջ աշխարհում»,- ասաց նա:

Հայկ Չոբանյանը խոսեց նաև մարզի գյուղատնտեսության զարգացումից:
«Մեզ մոտ հապալաս է աճում 3000 մետր բարձրության վրա և զեյթուն է աճում 380 մետր բարձրության վրա: Այս բազմազանությունը հնարավորություն է տալիս գյուղատնտեսական ցանկացած ճաշակի ներդրող ունենալ Տավուշում: Այնպես որ, համեցեք և ներդրումներ կատարեք Տավուշի գյուղատնտեսությունում: Եվ ուզում եմ հայտարարել որ առաջիկա տարիներին գյուղատնտեսությունն ամենամեծ ներդրումները պետք է ներգրավի Տավուշում: Մենք ունենք 110 հազար հա գյուղատնտեսական տարածք, որից օգտագործվում է 30 տոկոսը: Եվ մենք ունենք շուրջ այդքան էլ անտառային տարածք, որ պակաս գյուղատնտեսական նշանակություն չունի»,- ասաց մարզպետը:

Տավուշի ամենամեծ առանձնահատկությունն, ըստ Չոբանյանի, հասանելիությունն է արտաքին շուկաներին:

Հայկ Չոբանյանը նշեց նաև այն կենտրոնները, որոնց զարգացումը ռազմավարական նշանակություն ունի մարզի համար: Դրանցից մեկը Ազատամուտ համայնք է, որը գտնվում է տարբեր տարծաշրջանների խաչմերուկում:

«Ազատամուտը քաղաքային մշակույթ ունեցող բնակավայր է, պետք է լինի քաղաք, և մենք պետք է իրեն զարգացնենք այդ ուղղությամբ: Մենք կարծում ենք, որ Ազատամուտը հավակնում է դառնալ նաև հատուկ տնտեսական գոտի իր սահմանամերձ կարգավիճակով: Եվ Ազատամուտի հետագա տնտեսական զարգացումը իրականում կարող է խթան լինել ամբողջ մարզի տնտեսական զարգացման համար»,- ասաց նա:
Հաջորդ կետը Բագրատաշենի միջազգային հատուկ տնտեսական գոտու ստեղծումն է, որի կարիքն, ըստ մարզպետի, կա, ներառյալ ազատ տնտեսական գոտու կարգավիճակը:

«Եվ մենք նախնական դիտարկում ենք Բագրատաշենի օդանավակայանի տարածքը, որը 7.5 հա տարածք է: Եվ սա արդեն ոչ թե տարածաշրջանային, այլ համապետական նշանակության կարևոր կետ կարող է հանդիսանալ: Ինչպես գիտեք, այդտեղ հատվում են Տավուշի ու Լոռու մարզերը, և ըստ էության այսպիսի կենտրոն ունենալով՝ մենք հսկայական առավելություն ու առաջընթաց կարող ենք ապահովել հատկապես եվրասիական շուկայի հետ հարաբերություններին առումով»,- ասաց նա:

Հայկ Չոբանյանը հավելեց, որ դեռ պաշտոնավարման սկզբից իրեն հռչակել է Տավուշի բիզնես օմբուդսմեն, իրենք գործարարների պաշտպանն ու գործընկերն են, ամեն ինչ պետք է անեն, որ ստեղծեն մեխանիզմներ՝ գործարարության զարգացման համար:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել