armenpress.am:  ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում ամսական միջին աշխատավարձը կազմում է 378 հազար դրամ, նախորդ տարվա նկատմամբ բարձրացումը տեղի է ունեցել օպտիմալացման և տրամադրված հավելյալ միջոցների հաշվին:Այս մասին ասաց նախարար Սուրեն Պապիկյանը:


«2019-ի երկրորդ կիսամյակից, երբ ձևավորվել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը, նախարարության միջին աշխատավարձը մինչև այսօր կազմում է 378 հազար դրամ՝ այն պարագայում, երբ 2018-ին առանձին նախարարությունների միջին աշխատավարձը կազմել է 263 հազար դրամ: Խոսքը վերաբերվում է զուտ եկամուտին՝ առանց հարկերի»,-ասաց Պապիկյանն ու շեշտեց՝ խոսքը միջին աշխատավարձի մասին է, որը հաշվարկվում է և կրտսեր, և առաջատար և գլխավոր մասնագետների և փոխնախարարների և նախարարի աշխատավարձերով:

Նա նշեց՝ տարվա ընթացքում մարդկանց խրախուսել են, որի արդյունքում ունեն այս ցուցանիշը: Նախարարի խոսքով՝ սրանով ուզում են արձանագրել, որ 2018-ին մեկնարկած և 2019-ին որոշակի առաջնային փուլ հասած օպտիմալացումը արձանագրում է իր կարևոր արդյունքը:

Կառավարության կառուցվածքի փոփոխություններով նախկին Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը միացվել էր Տարածքային կառավարման և զարգացման նախարարությանը ՝ վերջինս վերանվանելով Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն: Դրան փոխանցվել են նաև Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության կողմից իրականացվող տրանսպորտի (այդ թվում՝ ճանապարհների) ոլորտին առնչվող բոլոր լիազորությունները և գործառույթները: