Տարբեր երկրներից հրավիրված կանայք ՀՀ Ազգային ժողովում քննարկել են ժողովրդավարությանն առնչվող հարցեր |armenpress.am|
12:08 - 15 հունիսի, 2019

Տարբեր երկրներից հրավիրված կանայք ՀՀ Ազգային ժողովում քննարկել են ժողովրդավարությանն առնչվող հարցեր |armenpress.am|

armenpress.am: Հունիսի 15-ին Ազգային ժողովում տեղի է ունեցել հանդիպում՝ «Դեմոկրատիան այսօր» կազմակերպության կողմից տարբեր երկրներից հրավիրած կանանց հետ, որի նպատակը հայ խորհրդարանականների և տարբեր պետությունների ու տարածաշրջանների քաղաքացիական հասարակության համար ընդհանուր խնդիրների շուրջ մտքերի փոխանակությունն էր: Այս մասին հայտնում են ԱԺ տեղեկատվության և հանրության հետ կապերի վարչությունից:

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը նշել է, որ 2018 թվականի գարնանը տեղի ունեցած ոչ բռնի թավշյա ժողովրդական հեղափոխությունը հաջողել է այն սկզբունքների և արժեքների շնորհիվ, որոնցով առաջնորդվում էին քաղաքացիներն իրենց իշխանությունը երկրում հաստատելու համար: Որպես այդպիսիք բանախոսը նշել է արդարությունը, ազատությունը, հավասարությունը, բռնության բացառումը:

Պատգամավորը ներկայացրել է Հայաստանում տեղի ունեցած և ընթացող փոփոխությունները, անդրադարձել բարեփոխումների իրականացմանը` մասնավորապես կարևորելով ժողովրդավարական ինստիտուտների զարգացումը, անցումային արդարադատությունը, կոռուպցիայի դեմ պայքարը, աղքատության հաղթահարումը, կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հնարավորությունների ապահովումը:

Մարիա Կարապետյանն անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման խնդրին՝ նշելով, որ այն բացառապես խաղաղ լուծում պետք է գտնի՝ ԵԱՀԿ Մինսկի համանախագահության ձևաչափում:

Պատգամավորը պատասխանել է հյուրերին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերել են մեր երկրում ընթացող բարեփոխումներին, կանանց մասնակցությանը բանակցային գործընթացներին, Ազգային ժողովի վերահսկողական գործառույթներին, սոցիալական լրատվական հարթակների գործունեությանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել