Տարեց գիտնականներին չեն ստիպում, բայց խրախուսում են կենսաթոշակի գնալ |hetq.am|
14:16 - 20 հունիսի, 2019

Տարեց գիտնականներին չեն ստիպում, բայց խրախուսում են կենսաթոշակի գնալ |hetq.am|

hetq.am։ Հաջորդ տարվա հունվարից անսպասելի չեն լինի մի շարք գիտական ինստիտուտների աշխատակիցների բողոքներն ու դժգոհության ալիքը: Պատճառը գիտության ոլորտի ֆինանսավորման ձեւի փոփոխությունն է ու դրանից բխող հետեւանքները:

Հայաստանի գիտության ոլորտում երկու կարեւոր փոփոխություն է նախատեսվում: Առաջինը կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրամանի նախագիծն է, որի համաձայն՝ գիտության ոլորտը բազային ֆինանսավորումից անցնելու է վարկանիշավորված ֆինանսավորման, իսկ երկրորդը՝ «Բարձրագույն կրթության, գիտության եւ գիտատեխնիկական գործունեության մասին» օրինագիծը, որը մշակվել է գիտության կոմիտեի (ԳԿ) կողմից:

Ներկայում բարձրագույն կրթության եւ գիտության մասին օրենքներն իրարից անջատ են: ԳԿ նախագահ Սամվել Հարությունյանը հիմնավորում է, թե ինչու է առհասարակ անհրաժեշտ փոփոխություններ կատարել օրենսդրության մեջ:

«Գիտական եւ գիտատեխնիկական գործունեության մասին» գործող օրենքն ընդունվել է 2000 թ., Հարությունյանը նկատում է, որ անցած տարիներին զգալի փոփոխություններ են տեղի ունեցել գիտության ոլորտում, օրինակ՝ ստեղծվել է գիտության կոմիտեն (2007 թ.), որից հետո միջազգային նոր գիտական կապերն են զարգացել, ավելի քան 40 միջազգային համաձայնագրեր են ստորագրվել, ոլորտում ի հայտ են եկել նոր հասկացություններ, ինչպես օրինակ՝ գիտաչափության գաղափարը, որը վերջին 4-5 տարիներին գիտական հանրությունում առօրեական թեմաներից է դարձել, եւ այս ամենը գործող օրենքում չի ամրագրվել:

Այսօր, ըստ մեր զրուցակցի, նախկին խորհրդային հանրապետություներից Հայաստանը եվրոպական տարածքին ամենաշատն ինտեգրվածներից մեկն է, իսկ ԱՊՀ-ում մեր երկրի գիտաչափական պարամետրերը լավագույնն են: Հետեւաբար, ըստ Հարությունյանի, ստեղծված իրավիճակում նոր օրենքի ընդունումը խիստ անհրաժեշտ է:

ԳԿ նախագահն ասում է, որ դեռ 2011-ին քննարկման էր դրվել «Գիտական եւ գիտատեխնիկական գործունեության մասին» օրենքի նոր նախագիծը, սակայն հետո ինչ-ինչ պատճառներով այն մի կողմ էր դրվել ու փոխարենը նույն տարում ընդունվել էր «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի մասին» օրենքը: Մասնագիտությամբ ֆիզիկոս Ս. Հարությունյանն ասում է, որ բազմիցս, այդ թվում՝ խորհրդարանում ելույթի ժամանակ բացասական կարծիք է հայտնել այդ օրենքի վերաբերյալ:

Նշում է, թե ակադեմիայի մասին օրենքը բավականին անորակ է, կառույցին վերագրված են այնքան լիազորություններ, որ միաժամանակ չունեն անգամ 7 նախարարություն:
Կրթության եւ գիտության նախկին նախարար Լեւոն Մկրտչյանի օրոք, ըստ Հարությունյանի, իրենք կրկին բարձրացրել էին գիտության մասին նոր օրենքի անհրաժեշտության հարցը:

Ասում է, թե անձամբ պնդում էր, որ չեղարկեն ակադեմիայի մասին օրենքը, փոխարենը ԳԱԱ-ին առանձին գլխով անդրադառնան նոր օրենքում: Սամվել Հարությունյանը նշում է, որ 2016-ին կարծես հաջողվել էր համոզել նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին իրականանցնել իրենց առաջարկը: Դրանից հետո սկսել էին աշխատել նոր օրինագծի մշակման ուղղությամբ, սակայն իշխանափոխություն տեղի ունեցավ: Եվ հիմա ԳԿ-ն առաջարկում է իրար միացնել բարձրագույն կրթության (գործող օրենքը կոչվում է «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին») եւ գիտության մասին օրենքները:

Ընդ որում՝ միացյալ օրենք ունենալու գաղափարն էլ նոր չէ: Դեռեւս 2009-ին ԿԳ այն ժամանակվա նախարար Արմեն Աշոտյանի ժամանակ կար նման նախաձեռնություն, քանի որ, Հարությունյանի կարծիքով, բարձրագույն կրթությունն ու գիտությունն առանց իրար հնարավոր չէ պատկերացնել. դրանք տրամաբանորեն դրանք խիստ փոխկապակացված են: Մինչդեռ ներկայում, մեր զրուցակցի փոխանցմամբ, երկու օրենքներում հաճախ հանդիպում ենք հակասական դրույթների:

Միաժամանակ նշում է, որ երբ ԽՍՀՄ փլուզումից հետո խնդիր էր դրվել մտնել եվրոպական համաշխարհային գիտակրթական տարածք, Հայաստանը պետք է ընդուներ այդ աշխարհում գործող խաղի կանոնները, համաձայն որոնց՝ բարձրագույն կրթությունն ու գիտությունը միասնական պետք է լինեն:

2018-ի իշխանափոխությունից հետո ԳԿ-ին հաջողվել է համաձայնության գալ նախարար Արայիկ Հարությունյանի հետ երկու օրենքները միավորելու վերաբերյալ, եւ այժմ նոր օրինագիծը գտնվում է քննարկումների փուլում: ԳԿ նախագահի բնորոշմամբ՝ ներկայացված փաստաթուղթը շատ ավելի որակյալ է, քան մինչ այժմ գործող առանձին օրենքները:

Շարունակությունը՝ hetq.am


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել