Տարեց մարդը պետք է լիարժեք ապրի իր համայնքում. Գեմաֆին Գասպարյան
12:28 - 19 հուլիսի, 2019

Տարեց մարդը պետք է լիարժեք ապրի իր համայնքում. Գեմաֆին Գասպարյան

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Գեմաֆին Գասպարյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Տարեցների պաշտպանության ցանցի ներկայացուցիչների հետ: Նպատակը տարեցների և հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի ապաինստիտուցիոնալացման և այլընտրանքային համայնքային ծառայությունների զարգացման ռազմավարության քայլերի ու միջոցառումների քննարկումն էր:

Գործընկերներներին ներկայացվել է այս պահին տարեցների խնամքի ոլորտում իրականացվող աշխատանքները, ծրագրերը և այն նախաձեռնությունները, որոնք ամբողջությամբ պետք է ապահովեն տարեց մարդու՝ իր համայնքում ապրելու և ծառայություն ստանալու իրավունքը:

«Մեր տեսլականը հետևյալն է. գնահատել նախարարության համակարգում գործող խնամքի հաստատություններում բնակվող տարեցների կարիքները, հասկանալ, թե նրանք ինչ տեսակի ծառայության պակաս ունեն և ստեղծել ծառայությունների հանրապետական, ամբողջական ցանց: Միաժամանակ, գնահատել բնակավայրերում մատուցվող ծառայությունները, ուժեղացնել գործող հասարակական կազմակերպություններին և ունենալ այնպիսի մրցութային կարգ, որի միջոցով կձևավորվեն նորերը»,- հավելել է Գեմաֆին Գասպարյանը:

Նա խոսել է նաև ապաինստիտուցիոնալացման քաղաքականության և գործընթացի մասին, որի արդյունքում կստեղծվեն փոքր տներ, տնային խնամքի տեսակներ, ցերեկային կենտրոններ, կձևավորվի անհատական օգնականի ինստիտուտը:

«Այս ամբողջ գործընթացն ու նախաձեռնություններն իրականացնելու համար ունենք ձեր անմիջական աջակցության կարիքը՝ թե՛ մասնագիտական, թե՛ ռեսուրսի առումով: Երկուստեք կան մշակված գործիքներ ու մեթոդաբանություն, որոնց համադրմամբ և վերանայմամբ կկարողանանք ավարտին հասցնել սկսած գործը»,– մանրամասնել է նախարարի առաջին տեղակալը:

Ցանցի ներկայացուցիչները նշել են, որ համաձայն են նախարարության որդեգրած ուղղությանը և պատրաստակամություն են հայտնել ողջ ներուժով աջակցել գործին. «Սա մեր ընդհանուր գործն է. մենք պատրաստ ենք միասին աշխատել և ստեղծել այն պայմաններն ու ծառայությունները, որոնց միջոցով տարեց մարդը կկարողանա լիարժեք ապրել իր համայնքում»,– ասել են նրանք:

 

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել