Տաքսի վարելու համար լիցենզիա պե՞տք է․ Փաշինյանի հայտարարությունները շփոթմունք են առաջացրել
 |fip.am|
21:01 - 07 ապրիլի, 2020

Տաքսի վարելու համար լիցենզիա պե՞տք է․ Փաշինյանի հայտարարությունները շփոթմունք են առաջացրել |fip.am|

fip.am: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 6-ին ֆեյսբուքյան ուղիղ եթերում, պատասխանելով օգտատերերի հարցերին, անդրադարձավ նաև անհատ տաքսու վարորդների լիցենզիաների մասին հարցին։

Օգտատերերից մեկը, մասնավորապես, վարչապետին հետևյալ հարցն էր ուղղել. «Դեռևս 2018 թ․ թույլատրեցիք, որպեսզի անհատ տաքսիստներն աշխատեն առանց լիցենզիայի, իսկ 2 տարի անց՝ օրեր առաջ, նույն հարցի վերաբերյալ հայտարարեցիք, որ յուրաքանչյուր տաքսու վարորդ պարտավոր է ունենալ լիցենզիա, այլապես չի կարող զբաղվել տվյալ գործունեությամբ։ Ի՞նչ է, հիմա ավելի ապահո՞վ է այդ նույն տաքսիստը, քան 2 տարի առաջ»։

Հարցին ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ օգտատիրոջ տեղեկությունը ճիշտ չէ, քանի որ օրենքով երբեք չի թույլատրվել առանց լիցենզիայի տաքսի վարել, այլ քաղաքացիներն ազատվել են արտոնագրային վճարից։ «Իսկ լիցենզիան, որն անվճար է, դա այն որակական նվազագույն պահանջներն են, որոնք ՀՀ օրենքով սահմանված են տաքսիների համար․․․»,- պատասխանեց վարչապետը՝ հիշեցնելով, որ նախկինում անհատ տաքսու վարորդները Երևանում գործունեություն ծավալելու համար վճարում էին 12000, իսկ մարզերում՝ 8000 դրամ ամսական վճար։ 

Փաշինյանը նշեց, որ գուցե լեզվի սայթաքում է եղել և արտոնագրային վճարները շփոթել է լիցենզիայի հետ։ «Բայց երբեք Հայաստանում առանց լիցենզիայի տաքսի վարելը թույլատրված չի եղել»,- եզրափակեց վարչապետը։

«Փաստերի ստուգման հարթակը» ստուգեց Նիկոլ Փաշինյանի՝ նախկինում տաքսու վարորդներին տրվող արտոնությունների մասին արված հայտարարությունները և պարզեց, որ վերջինս մի քանի անգամ խոստացել է անհատ տաքսի վարորդներին ազատել օրենքով սահմանված արտոնագրային վճարից, իսկ մեկ անգամ նույնիսկ՝ լիցենզավորման պարտականությունից։

Այսպես, 2018 թ․ սեպտեմբերի 18-ին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ (5:38 րոպե) Փաշինյանը հայտարարել էր, որ շատ մոտ են ՀՀ տարածքում և Երևանում անհատ տաքսիների վարորդներին բոլոր տեսակի հարկերից ազատելուն։ Ըստ վարչապետի՝ եթե վարորդներն ազատվեն հարկերից, դա կբերի սակագների նվազման և կնպաստի տրանսպորտի խնդիրների կարգավորմանը։ «Կռացած երթևեկելուց ազատվելու կարևոր հանգրվաններից մեկը դա կդառնա»,— հայտարարել էր Փաշինյանը։

Ավելի ուշ՝ 2018 թ․ նոյեմբերի 13-ին, Ազգային ժողովի ամբիոնից, կրկին խոսելով անհատ տաքսու վարորդների մասին, վարչապետը հայտարարել էր․ «Հաջորդ կարևոր որոշումը վերաբերում է մասնավոր տաքսիներին արտոնագրային վճարից ազատելուն։ Խոսքը ոչ թե ընդհանրապես բոլոր տաքսիների մասին է, այլ անհատ տաքսու վարորդների։ Մենք ասում ենք, որ այդ մարդիկ որևէ վճար վճարելու անհրաժեշտություն չունեն։ Այսինքն՝ մարդիկ կարող են աշխատել, գործունեության այդ տեսակն իրականացնել առանց վճար ունենալու, առանց լիցենզիայի։ Եվ այս որոշման շահառուն, տարբեր փորձագիտական գնահատականներվ, 50 հազար մարդ է»։

Արդեն 2019 թ. հուլիսի 20-ին Գյումրիում գործարար համաժողովի ժամանակ ունեցած ելույթում վարչապետը, կրկին անդրադարձ կատարելով այս թեմային, հայտարարել էր․ «Հուլիսի 1-ից, ըստ էության, անհատ ձեռնարկատեր չհանդիսացող տաքսու վարորդները ազատվում են բոլոր տեսակի վճարներից։ Սա նշանակում է, որ նրանք Երևան քաղաքում 12000 դրամ, իսկ մարզերում 8000 դրամ ամսական վճարումները անելու պարտավորությունից ազատվում են։ Իհարկե, տաքսի վարելու համար նրանց անհրաժեշտ կլինի լիցենզիա ունենալ, որոշակի պայմանների բավարարել և այդ լիցենզիաների ստացման գործընթացը նույնպես անվճար է»։ 

Ի՞նչ է նախատեսում օրենքը

Տեղեկացնենք, որ անհատ տաքսու վարորդներն իսկապես ազատված են նախկինում սահմանված՝ Երևան քաղաքում 12000, իսկ մարզերում 8000 դրամ արտոնագրային վճարներ վճարելու պարտավորությունից, սակայն լիցենզավորման մասին օրենքի 43-րդ հոդվածի համաձայն՝ վերջիններիս գործունեությունը, այնուամենայնիվ, ենթակա է պարտադիր լիցենզավորման։

Այսպիսով, փաստենք, որ Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ խոսել է անհատ տաքսու վարորդներին արտոնագրային վճարներից ազատելու որոշման մասին։ Նա հայտարարել է նաև առանց լիցենզիա տաքսի ծառայություն մատուցելու հնարավորության մասին, ինչն էլ քաղաքացիների մոտ շփոթմունք է առաջացրել։ Սակայն սա, միգուցե, եղել է լեզվի սայթաքում, ինչպես և հենց Փաշինյանն է նշում։  


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել