ermenihaber.am:  Թբիլիսիում տեղի է ունեցել Թուրքիայի, Ադրբեջանի ու Վրաստանի արտգործնախարարների եռակողմ ձևաչափով անցկացվող 8-րդ գագաթնաժողովը: Հանդիպումից հետո նախարարներ Մևլութ Չավուշօղլուն, Էլմար Մամեդյարովն ու Դավիթ Զալկալիանին հանդես են եկել համատեղ ասուլիսով:

Չավուշօղլուն ասել է, որ նմանատիպ մեխանիզմները կարևոր են երկկողմ ու տարածաշրջանային խնդիրների քննարկման համար: Թուրք նախարարը հայտարարել է, որ իր երկիրը Ադրբեջանի ու Վրաստանի հետ հրաշալի հարաբերություններ ունի ու ավելացրել. «Ցանկանում ենք, որ մեր միջև առկա համագործակցությունն ու համերաշխությունն օրինակ լինի տարածաշրջանի հարևան երկրների համար»:



Չավուշօղլուն տեղեկացրել է նաև երկրների միջև «Ոլորտային գործողությունների եռակողմ պլանի» ընդունման մասին՝ մանրամասնելով, որ պլանը վերաբերում է էներգետիկ, տրանսպորտային, առևտրային, զբոսաշրջային, գյուղատնտեսական, կրթական ու մշակութային ոլորտներում եռակողմ համագործակցությանը:

Թուրք նախարարը նաև նշել է, որ 3 կողմերը հաստատել են վճռականությունը Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղով կատարվող բեռնափոխադրումների ծավալները մեծացնելուն միտված աշխատանքները շարունակելու հարցում:

Վերջում, անդրադառնալով տարածաշրջանային չլուծված խնդիրներին, Չավուշօղլուն ասել է.

«Ընդգծել ենք Վրաստանի ու Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքի շրջանակներում առկա հակամարտությունները խաղաղ ճանապարհով լուծելու ուղղությամբ տարվող աշխատանքների կարևորությունը»: