Տիգրան Ավինյանն ասել է, թե ինչու չի ընդունել ներդրողին |lragir.am|
09:24 - 28 մայիսի, 2019

Տիգրան Ավինյանն ասել է, թե ինչու չի ընդունել ներդրողին |lragir.am|

lragir.am: Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ հարցին, թե ինչո՞ւ չի ընդունել խոշոր ներդրում անելու ցանկություն հայտնած ներդրողին: Տեղեկություններ կան, որ հոլանդացի գործարարը ցանկացել է 90 մլն դոլարի ներդրումներ կատարել քաղավիացիայի ոլորտում, փորձել է հանդիպել փոխվարչապետ Տիգրան Ավինյանի ու Քաղավիացիայի գլխավոր վարչության պետի հետ, սակայն մերժել են հանդիպումը:

«Պետք է հասկանալ, ներդրողն ինչու է ուզում ինձ հետ հանդիպել: Եթե այդ հարցի պատասխանն ունենանք, կարող է շատ դեպքերում հասկանանք, որ ներդրողը այնքան էլ իրական ներդրող չէ: Այսինքն՝ եթե ուզում է հանդիպել փոխվարչապետի հետ, դա կարող է ունենալ մի քանի պատճառ: Ենթադրաբար ինչ-որ արտոնություններ է պահանջում, որպեսզի այդ ներդրումն իրականանա»,- ասաց Ավինյանը:

Նա նշեց, որ դա նշանակում է առհասարակ ավիացիոն շուկան խեղաթյուրել ու որոշ ընկերության ինչ-որ արտոնություն տալ:

«Ես չեմ կարծում, որ մենք մեկ ընկերությանը յուրահատուկ արտոնություն կարող ենք տալ և մնացածի գործառույթները խաթարենք: Մենք պետք է հավասար արտոնյալ պայմաններ ապահովենք բոլորի համար»,- նշեց Ավինյանը:

Նա ասաց, որ իր դռները երբեք փակ չեն եղել, եթե իրական ներդրողներն ունեն որևէ խնդիր, իրենք միշտ կարող են հայտնվել փոխվարչապետի սենյակում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել