Տնտեսական հեղափոխություն, այնուամենայնիվ, մեր քաղաքացիների կյանքում տեղի չի ունեցել. Մանե Թանդիլյան |tert.am|
12:38 - 19 հունիսի, 2019

Տնտեսական հեղափոխություն, այնուամենայնիվ, մեր քաղաքացիների կյանքում տեղի չի ունեցել. Մանե Թանդիլյան |tert.am|

tert.am։ Ռեֆորմների այսօրվա տեմպերն ընդունելի չեն. ԱԺ-ում 2018թ-ի բյուջեի կատարողականի քննարկմանն այս մասին հայտարարեց ԱԺ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը։ Նա նկատեց, որ իհարկե հեղափոխական Հայաստանի իրավիճակը պետք է ունենար իր ազդեցությունը բյուջեի կատարողականի վրա և ունեցել է, իրենք էլ այդ գիտակցումով են հնչեցնում գնահատականներ։

Մանե Թանդիլյանը նշեց, որ 2018-ին բյուջեի մուտքերը կազմել են 1 տրիլիոն 341 մլրդ դրամ, որից 93,7%-ն են կազմել հարկերի և պարտադիր այլ վճարներից մուտքերը, ինչն էլ նշանակում է, որ եղել է լոկալ բնույթի հավաքագրում։

«Այսինքն՝ չվճարված հարկերն էին, իսկ ահա ստվերային տնտեսության կրճատման մասով ցուցանիշը հարկեր-ՀՆԱ հարաբերակցությունն է, որը կազմել է 21%՝ բարելավելով ընդամենը մեկ տոկոս աճ նախորդ տարվա համեմատ։ Բազմաթիվ անգամ հնչել է, որ 40% է հարկեր-ՀՆԱ պոտենցիալը, բայց փաստացի արձանագրում ենք, որ 40%-ով դեռևս ստվերային տնտեսության դեմ պայքարի անարդյունավետության արձանագրում կա:

Սա այն դեպքում, երբ բոլոր ամբիոններից ՊԵԿ-ը բարձրաձայնում է, որ կազմակերպված պայքար է մղում ստվերային տնտեսության դեմ»,-ասաց նա և նշեց, որ նաև արձանագրում են՝ ՀԴՄ կտրոնի ձեռքբերմանն ուղղված գործիքակազմը բավարար գործոն չէ։

ԼՀԿ-ական պատգամավորը նշեց, որ թերակատարումներ են եղել նաև պետական դրամաշնորհների հատվածում. արձանագրվել է 70% թերակատարում։ «Փաստն այնքան մտահոգիչ չէ, որքան դրդապատճառը, որովհետև պետական դրամաշնորհները հատկացվում են բյուջեին այն պարագայում, երբ կատարվում են նախանշած ծագրերը: Ըստ էության, ծրագրերի կատարման առումով ունենք լրջագույն բաց, այսինքն՝ դրանք չենք կատարել»,-ասաց նա։

Թանդիլյանը շարունակեց, որ ՀՆԱ-ի բոլոր ճյուղերում իրականում նվազման միտում ունեն։

Նշեց, որ չի կարծում, թե նախանշված 4,5%-ի փոխարեն ՀՆԱ-ի 5,2%-ն այն աճն է, որ մեր տնտեսությունը կարող է իրացնել։ «Քաղաքական իրավիճակը, որում իրականացվել է նաև այս բյուջեն, արձանագրել է աճ, թերակատարելով կապիտալ հատվածը։ 5,2%-ը ցույց է տալիս, որ, ըստ էության, ոչինչ չանելով և կապիտալ ծախսումները չանելով՝ ինքնաշխատ կերպով այդ աճն ապահովվել է»,-ասաց նա և հավելեց, որ նախորդ կառավարության թիրախը բավական պահպանողական էր։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել