Տնտեսական փլուզումները բացելու են հնարավորություններ․ Նիկոլ Փաշինյան
 |armtimes.com|
22:48 - 06 ապրիլի, 2020

Տնտեսական փլուզումները բացելու են հնարավորություններ․ Նիկոլ Փաշինյան |armtimes.com|

armtimes.com: Հակաճգնաժամային 9 միջոցառումներ են ընդունվել եւ մենք առաջնահերթ ենք համարում մարդկային կապիտալի զարգացմանն ուղղված ներդրումները, տեխնոլոգիաների զարգացումը, գիտելիքի զարգացումը, գիտության զարգացումը, եւ գիտահենք տնտեսությունն ենք պատկերացնում որպես ճգնաժամի հաղթահարման երկրաժամկետ ռազմավարություն։ Այս մասին այսօր ուղիղ եթերի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Քաղաքացին հարցրել էր, թե ինչքա՞ն պետք է շարունակվի այս վիճակը՝ հավելելով․«Որքան գնում, այնքան վատանում է, ճգնաժամն անխուսափելի է։ Ի՞նչ գործողությունների ծրագիր կա այս վիճակից դուրս գալու եւ աստիճանաբար բնականոն կյանք վերադառնալու համար»։

Փաշինյանի համոզմամբ՝ իրենք կկարողանան տնտեսական եւ սոցիալական միջոցառումների արդյունավետ փաթեթ ընդունել եւ իրականացնել։ «Իհարկե, ճգնաժամն անխուսափելի է, այստեղ արդեն որեւէ կասկած չկա։ Բայց պետք չէ դրանից ողբերգություն սարքել, որովհետեւ առանց այն էլ պրոբլեմը կա, բայց մենք պետք է հասկանանք մի բան․ սա Հայաստանի պրոբլեմը չէ, սա համաշխարհային պրոբլեմ է եւ ըստ էության համաշխարհային տնտեսությունը գտնվում է փլուզման պրոցեսի մեջ»,- ասաց վարչապետը։

Նա կրկին շեշտեց, որ պետք է ճգնաժամը դիտարկել որպես հնարավորություն եւ որ տնտեսական փլուզումները բացելու են հնարավորություններ։ «Ես նախկինում մի քանի անգամ հայտարարել եմ, որ մենք պետք է ճիշտ կարողանանք կառուցել մեր հակաճգնաժամային քաղաքականությունը, մենք պիտի խնդիրը դնենք առաջիկա 5 տարիներին մեր ՀՆԱ-ն կրկնապատկել եւ համաշխարհային նոր շուկաներում նոր դիրքեր գրավել։ Մեր պատկերացումը օր առաջ, ժամ առաջ կանխատեսելի եւ կառավարելի դարձնել համաճարակը եւ քայլ առ քայլ վերադառնալ նորմալ կյանքի, աշխատել եւ աշխատանքով հաղթահարել այս ճգնաժամը։ Իհարկե, կառավարությունը, ինչպես եւ նախկինում, ամեն ինչ պետք է անի աշխատանքը խրախուսելու եւ աջակցելու համար»,- եզրափակեց վարչապետը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել