Տնտեսվարողների կողմից օրենքների խախտումների հիման վրա հարուցվել է 1674 վարչական վարույթ
13:42 - 20 փետրվարի, 2020

Տնտեսվարողների կողմից օրենքների խախտումների հիման վրա հարուցվել է 1674 վարչական վարույթ

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն, ամփոփելով 2019-ին կատարված աշխատանքները, տեղեկացնում է, որ դիտարկվել են տնտեսավարողների կողմից օրենքների առավել հաճախակի խախտումները, դրանց պատճառները և տարածվածությունը։

Ըստ այդմ՝ խախտումները հիմնականում պայմանավորված են օրենսդրության պահանջների չիմացությամբ և ոչ բավարար իրազեկմամբ:

  • Դեղերի շրջանառության և դեղագործության ոլորտում առավել հաճախ խախտվում են դեղերի պետական գրանցման, ներմուծման և արտահանման հետ կապված օրենքների պահանջները։

  •  Բուժսպասարկման ոլորտում հաճախ խախտվում է բժշկական փաստաթղթերի լրացման և վարման կարգը։

  •  Բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման ոլորտում օրենսդրության խախտումներն առավելապես առնչվում են աշխատատեղերում, շենքերում և կառուցապատման տարածքներում առկա աղմուկին, բնակտարածքներում սանիտարական նորմերի պահպանմանը, բժշկական թափոններին, Բժշկական նշանակության արտադրատեսակների ախտահանմանը և մանրէազերծմանը, ջրի որակին: Սանիտարական նորմերի խախտումներ արձանագրվել են նաև նախադպրոցական կազմակերպություններում։

  • Աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման ոլորտում տնտեսավարող սուբյեկտներն առավել հաճախ խախտում են աշխատողներին աշխատանքի կոլեկտիվ և անհատական պաշպանության միջոցների տրամադրման և կիրառման, գործատուի կողմից աշխատողների անվտանգության ապահովման և առողջության պահպանության վերաբերյալ ներքին իրավական ակտեր չընդունելու նորմերը։

Ստացված դիմում-բողոքների հիման վրա և սեփական նախաձեռնությամբ հարուցվել է 1674 վարչական վարույթ (2018-ի համեմատ՝ 8 անգամ ավելի), որոնց արդյունքում նշանակվել է շուրջ 500 տուգանք։ Դրանցով ընդհանուր առմամբ սահմանվել է շուրջ 247 մլն դրամի տուգանք։

Վարչական վարույթների արդյունքում հայտնաբերված խախտումների համար տնտեսավարող սուբյեկտներին տրվել են խախտումները վերացնելու կարգադրագրեր։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել