Տրվել է Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման ծրագրին ԵՄ կողմից տեխնիկական աջակցության մեկնարկը
09:25 - 13 հունիսի, 2019

Տրվել է Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման ծրագրին ԵՄ կողմից տեխնիկական աջակցության մեկնարկը

Երևանում տրվել է Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման ծրագրին Եվրոպական միության կողմից տեխնիկական աջակցության մեկնարկը։ Եվրոպական ներդրումային բանկը (ԵՆԲ) Հայաստանին հատկացրել է 5,15 մլն եվրո դրամաշնորհ, որից 0,65 մլն եվրո՝ տեխնիկական աջակցության (խորհրդատվական ծառայություններ), 4,25 մլն եվրո՝ շինարարական աշխատանքների և 0,25 մլն եվրո՝ այլ կազմակերպչական ծախսերի համար։

Մեկնարկային հանդիպմանը ներկա էին Եվրոպական ներդրումային բանկի, «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի, քաղաքաշինության կոմիտեի, ճանապարհային ոստիկանության ներկայացուցիչներ։

Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնակատար Քրիստինե Ղալեչյանը, կարևորելով Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավմանն ուղղված ծրագրի իրականացումը, նշեց, որ ՀՀ կառավարությունը վերջին մեկ տարվա ընթացքում տրանսպորտի և ճանապարհաշինության բնագավառում որդեգրել է նոր քաղաքականություն, որի առաջնահերթություններից է ճանապարհային անվտանգությունը, ինչն ապահովելու համար պետք է բարելավվեն կարողությունները, զարգացվի օրենսդրական դաշտը, հստակ ամրագրվեն անվտանգության բոլոր սկզբունքները։

Այդ նկատառումով ՀՀ կառավարությունը ձեռնարկել է բոլոր միջոցները Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման ծրագիրն իրականություն դարձնելու և ԵՆԲ-ի, ինչպես նաև այլ դոնորների հետ համագործակցությունն այս ուղղությամբ զարգացնելու համար։

Հայաստանում և Վրաստանում Եվրոպական ներդրումային բանկի տեխնիկական աջակցության ծրագրերի համակարգող Ալեքսանդր Բախտամյանը հանդիպման ընթացքում մանրամասն խոսեց ճանապարհների անվտանգության բարելավմանը միտված ծրագրի մասին, ներկայացրեց նաև ծրագրի տեխնիկական աջակցության խորհրդատվական ծառայություններ մատուցող կոնսորցիումը, որի մեջ ներգրավված են CESTRA (Սերբիա), COWI (Դանիա), SWEROAD (Շվեդիա) ընկերությունները։

Տեխնիկական աջակցության շրջանակներում նախատեսվում է վերանայել ավտոճանապարհների վրա ընտրված վտանգավոր տեղամասերի բարելավման առկա նախագծերը, մշակել նոր նախագծեր, իրականացնել վտանգավոր տեղամասերի բարելավման շինարարական աշխատանքների տեխնիկական հսկողությունը, հայտնաբերել վտանգավոր այլ տեղամասեր, կազմակերպել ճանապարհային անվտանգության հարցերին նվիրված դասընթացներ, պատրաստել և սերտիֆիկացնել ճանապարհային անվտանգության աուդիտորների, իրականացնել այլ միջոցառումներ։

Բացի այդ, կվերանայվեն և կարդիականացվեն ճանապարհների նախագծման՝ Հայաստանում գործող ստանդարտները՝ դրանք ճանապարհային անվտանգության առումով Եվրոպական միության և միջազգային լավագույն փորձին համապատասխանեցնելու նպատակով։

Դրամաշնորհի շրջանակներում իրականացվելիք աշխատանքները նախատեսված է ավարտել 1,5 տարվա ընթացքում՝ 2020 թվականի վերջին։

Դրամաշնորհային ծրագրի համակարգող Արամ Վարդանյանը քննարկման ընթացքում ներկայացրեց Հայաստանի ճանապարհային ցանցը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, ճանապարհային ոստիկանության, քաղաքաշինության կոմիտեի գործառույթները ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ոլորտում։

Խորհրդատվական ծառայություններ մատուցող կոնսորցիումի ներկայացուցիչները խոսեցին ծրագրի բովանդակության, արդյունքների, ռիսկերի, ծրագրի փուլերի, առաջնահերթ խնդիրների և այլ թեմաների մասին։

Կողմերը հստակեցրին աշխատակարգը, համագործակցության սկզբունքները և այլ հարցեր՝ ծրագիրն արդյունավետ իրականացնելու նկատառումով։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել