armtimes.com: Կարծում եմ, որ այդ թեմային կանդրադառնանք առաջիկայում. որեւէ նման բան չկա, որ տարածքները տրվում են առեւտրային որեւէ գործունեության նպատակով: Այս մասին այսօր Կառավարությունում հրավիրած ասուլիսի ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե արդյոք Ցեղասպանության թանգարանի տարածքը, որը տալիս են Երևան համայնքին, ծառայելու է առևտրային կամ այլ նպատակով, և ո՞րն է պատճառը, որ այն հանձնվում է Երևան համայնքին:

Նախարարի խոսքով՝ այդ ամբողջ տարածքը Ծիծեռնակաբերդով եւ հուշահամալիրով շատ խորհրդանշական է, եւ որեւէ նպատակային փոփոխություն այնտեղ չի կարող լինել։ «Մնացածն արդեն տեխնիկական հարցեր են: Մեր նպատակն է, որ տարածքն ապրի, զարգանա, անտառը նույնպես զարգանա։ Այդ ուղղությամբ ջանքեր չենք խնայելու»,- եզրափակեց նախարարը։

Մյուս հարցին, թե արդյոք նախատեսվո՞ւմ է Ցեղասպանության թանգարանի ցուցասրահների առցանց ցուցադրություն, նախարարը պատասխանեց․ «Մենք նման մի ծրագիր ունենք, որ առցանց ուղեկցողը ցույց կտա բոլոր այն մութ անկյունները կամ այն հատվածները, որոնք չեն տեսնում մեր քաղաքացիները»։ Նա նաեւ հավելեց, որ միանշանակ կա նման նպատակ, եւ դա այն ընդհանուր ծրագրի շրջանակում է, որ իրականացրել են անցած մեկ ամսվա ընթացքում։ Դա սկսվել է, երբ հաստատվել է արտակարգ դրություն, եւ մեր մշակութային օջախները՝ թանգարանները, ցուցասրահները, տեղափոխել են վիրտուալ դաշտ, որքանով դա հնարավոր է, եւ Ցեղասպանության ինստիտուտ-թանգարանը բացառություն չէ։