panarmenian.net։ Եվրամիությունը կարող է պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ, եթե խախտվեն Հունաստանի և Կիպրոսի ինքնիշխան իրավունքները: Այդ մասին հայտարարել է Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը կառավարության Արտաքին գործերի և պաշտպանության խորհրդի արտահերթ նիստից հետո:

Ցիպրասը հայտնել է, որ նիստը նվիրված էր Թուրքիայի սադրանքներին Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում, որտեղ Անկարան երկրաբանական հետախուզում է իրականացնում, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Հույները պետք է իրենց լիակատար անվտանգ զգան՝ թուրքական սադրանքն ու Թուրքիայի կողմից միջազգային իրավունքի խախտումը ոչ թե ուժի, այլ թուլության նշան է»,-ասել է նա:

Ըստ Ցիպրասի, Հունաստանը հզոր երկիր է և վերջերս նրան հաջողվել է միջազգային միություններ ու դաշինքներ կնքել՝ նախկիններից ավելի ամուր: Նա հավելել է, որ Հունաստանի և Կիպրոսի դիրքորուշումը հաստատվել է ԵՄ գագաթնաժողովների հետևողական որոշումներով, որոնք միանշանակ դատապարտում են միջազգային իրավունքի խախտումն ու Թուրքիայի սադրանքները:

«Մենք համակարծիք ենք Հունաստանի նախագահի հետ, որ առաջիկայում հող պետք է նախապատրաստենք, որպեսզի հաջորդ շաբաթ ԵՄ գագաթնաժողովը համապատասխան որոշում կայացնի և պատժամիջոներ սահմանի Թուրքիայի դեմ, եթե հաստատվի, որ վերջինս հորատում է իրականացրել Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում»,-ասել է Ցիպրասը:

«Մեր ուղերձը հետևյալն է՝ բոլոր նրանք, ովքեր խախտում են Հունաստանի, Կիպրոսի ինքնիշխան իրավունքները, որը ևս ԵՄ անդամ է, խախտում են միջազգային իրավունքը և պետք է իմանան, որ դա հետևանքներ է ունենալու»,-ասել է Հունաստանի վարչապետը: