Փաշինյանը վստահեցնում է՝ բանակցությունների շրջանակում չկա մի հանդիպում, որում չքննարկվի Արցախը բանակցային սեղան վերադարձնելու թեման |lragir.am|
16:57 - 19 հունիսի, 2019

Փաշինյանը վստահեցնում է՝ բանակցությունների շրջանակում չկա մի հանդիպում, որում չքննարկվի Արցախը բանակցային սեղան վերադարձնելու թեման |lragir.am|

lragir.am: Հայկական կողմը բանակցությունները վարում է Ստեփանակերտում ՀՀ և ԱՀ անվտանգության խորհուրդների համատեղ նիստում հռչակած սկզբունքների շրջանակում: Չի կարող լինել բանակցային մի որևէ խոսակցություն, որ այդ շրջանակում չլինի, չբարձրացվի Արցախը բանակցային սեղան վերադարձնելու թեման: Այս մասին ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով Բարգավաճ Հայաստան խմբակցության պատգամավոր Արման Աբովյանի հարցին:

Արման Աբովյանը հետաքրքրեց, թե որ փուլում են Արցախը բանակցային սեղան վերադարձնելու բանակցությունները:

«ԱԳ նախարարն ԱՄՆ-ում է և պետք է հանդիպում ունենա Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ։ Բանակցությունների ընթացքում բոլոր այն խնդիրները, որոնք խանգարում են հետագա բանակցություններին, կբարձրացվեն: Չկա մի հանդիպում, որի ընթացքում չի քննարկվում Արցախը բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու թեման: Մենք բանակցությունները վարում ենք Ստեփանակերտում մարտի 12-ին Անվտանգության խորհուրդների համատեղ նիստում հռչակած սկզբունքների շրջանակում: Այսինքն, չի կարող բանակցային մի որևէ խոսակցություն լինել, որ այդ շրջանակում չլինի։ Հետևաբար՝ բոլոր հանդիպումներում այդ հարցը քննարկվում է»,-ասաց նա։

Նա վստահեցրեց, որ Հայաստանն ու Արցախն ի վիճակի են պաշտպանել իրենց, իրենց շահերը՝ ինչպես դիվանագիտական հարթակում, այնպես էլ, անհրաժեշտության դեպքում, առաջնագծում: Փաշինյանը նշեց՝ այդ ընթացքում դա ապացուցել ենք և կշարունակենք ապացուցել:

Փաշինյանի խոսքով՝ ՀՀ Զինված ուժերը բնականոն զարգացման փուլ են մտել: Իր ներկայացրած 100 փաստում ևս կարելի է տեսնել, թե ինչ գործողություններ են արվում բանակաշինության ոլորտում: Նա խորհրդարանի քաղաքական աջակցությունը կարևոր համարեց: «ԱԺ-ում Ապրիլյան պատերազմի հարցով քննիչ հանձնաժողովի ստեղծման և գործունեության կարևոր նպատակներից մեկը մեր զինված ուժերի հետագա զարգացումը խթանելն ու արագացնելն է, և այդ արագացումն առավել արդյունավետ դարձնելը, որպեսզի մենք համոզվենք, որ անցյալ տարիների պատմությունից արել ենք ճիշտ հետևություններ, և դրանց հետևել են դրանից բխող ճիշտ գործողություններ»,-ասաց վարչապետը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել