Փաստաբանության խնդիրներն ու դրանց լուծումներն Արդարադատության նախարարության բարեփոխումների օրակարգում են. Արտակ Զեյնալյան
12:04 - 23 ապրիլի, 2019

Փաստաբանության խնդիրներն ու դրանց լուծումներն Արդարադատության նախարարության բարեփոխումների օրակարգում են. Արտակ Զեյնալյան

ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն այսօր մասնակցել է փաստաբանական գրասենյակների «ARMLEGAL EXPO 2019» անդրանիկ ցուցահանդեսի հանդիսավոր բացման արարողությանը: 

Նախարարն անուրանալի է համարել փաստաբանների՝ որպես իրավապաշտպան համայնքի ներդրումը մեր երկրի ժողովրդավարական արժեքների կայացման և զարգացման գործում: «Փաստաբանները մեծ զարկ են տվել դատական ակտերի որակի բարձրացմանը, նրանք զարգացրել են նախաքննության մարմինների աշխատակիցների գիտական ու մասնագիտական պոտենցիալը: Սա չենք կարող չարձանագրել, և սա ես կոչում եմ ակադեմիական «հակամարտություն», որը փոխզարգացրել է մեկը մյուսին»,- նշել է Արտակ Զեյնալյանը՝ հավելելով, որ այդ համոզմանը հանգել է սեփական իրավապաշտպան գործունեության արդյունքում, որին նվիրել է մասնագիտական աշխատանքի մեծ մասը:

Որպես կառավարության անդամ և ոլորտի քաղաքականության պատասխանատու` նախարարը հավաստիացրել է, որ փաստաբանության խնդիրները և դրանց լուծումները  մշտապես եղել և մնում են Արդարադատության նախարարության ուշադրության կենտրոնում և բարեփոխումների օրակարգում, քանի որ առանց փաստաբանության ոլորտի որակական բարեփոխումների` դժվար է պատկերացնել  դատաիրավական սեկտորի համապարփակ և համալիր առաջընթացը:

Նախարար Զեյնալյանը, կարևորելով փաստաբանական գործունեության երաշխիքների սահմանադրական մակարդակով ամրագրման փաստը, նշել է, որ սա փաստաբանի առաքելության արժևորման նոր և չափազանց բարձր նշաձողի սահմանում էր, նշաձող, որի պարբերական, էլ ավելի բարձրացման պատասխանատուն բոլորն են` Կառավարությունը, փաստաբանական պալատը, փաստաբաններից յուրաքանչյուրը, որպես այդ առաքելության մարմնավորողներ:

Այս համատեքստում նախարարն անդրադարձել է Արդարադատության նախարարության կողմից մշակված նախագծին, որով հերթական բարեփոխումը կիրականացվի փաստաբանության համակարգում:

Դրանից առանձնացվել են անվճար իրավաբանական օգնության այլընտրանքային նոր կարգավորման սահմանումը, անվճար իրավաբանական օգնություն ստանալու իրավունք ունեցող անձանց շրջանակի ընդլայնումը, օտարերկրյա պետության դիպլոմ ունեցող իրավաբանների՝ ՀՀ փաստաբանական դպրոց ընդունվելու հարցի կարգավորումը, ինչպես նաև այլ նախագծի շրջանակում Կառավարության այն մոտեցումը, որով նախատեսվում է փոխել դատարանի կողմից  փաստաբանների նկատմամբ որպես կարգապահական սանկցիա տուգանք կիրառելու կարգավորումը: Նախարարի խոսքով՝ կնախատեսվեն այլ կարգավորումներ, որոնք կարտացոլեն փասաբանների անկախությունն ու փաստաբանական պալատի` որպես ինքնակառավարման մարմնի դերը բարձրացումը:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել